Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարներն ընդգծել են, որ չեն ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունները |shantnews.am|

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարներն ընդգծել են, որ չեն ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունները |shantnews.am|

shantnews.am: Յոթնյակի (G7) երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) ընդգծել են, որ չեն ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: ««Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները պնդում են, որ Ուկրաինային զենք կմատակարարեն «այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է»,- այս մասին ասվում է Գերմանիայի հյուսիսում գտնվող Վանգելս կոմունայում եռօրյա հանդիպման արդյունքներով G7 երկրների արտգործնախարարների ընդունած համատեղ հայտարարության մեջ։ G7-ի արտգործնախարարները կարծում են, որ Ուկրաինայում իրավիճակը վատթարացրել է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները։ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները, նրանց գնահատմամբ, «վատթարացրին համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները՝ հանգեցնելով պարենամթերքի, վառելիքի և էներգիայի գների աճին»։ Նախարարները Ռուսաստանին կոչ են արել վերջ տալ Ուկրաինայից «հացահատիկի արտահանման շրջափակմանը»։ «Սա կարող է լինել միայն առաջին քայլը»,- ասվում է հայտարարության մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ մոտ 43 միլիոն մարդ սովից մեկ քայլ է հեռու։ G7-ը Չինաստանին կոչ է անում նաև չօգնել Ռուսաստանին և չշրջանցել Մոսկվայի դեմ պատժամիջոցները։ Ռուսաստանի Դաշնության նախագահը ավելի վաղ ընդգծել էր, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները հարվածում են այն երկրների տնտեսություններին, որոնք դրանք պարտադրում են, ինչպես նաև հրահրում են համաշխարհային ճգնաժամ։
14:43 - 14 մայիսի, 2022
Պուտինն ու Շոլցը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Մոսկվայի ու Կիևի բանակցությունների ընթացքը

Պուտինն ու Շոլցը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Մոսկվայի ու Կիևի բանակցությունների ընթացքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում կրկին քննարկել է իրավիճակն Ուկրաինայում, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ զրույցի ժամանակ շեշտադրում է արվել Ուկրաինայում տիրող իրավիճակի հումանիտար ասպեկտների վրա։ «Նշվել է, որ ՄԱԿ և Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ քաղաքացիական անձանց տարհանում է իրականացվել, որոնք ուկրաինական զինյալների կողմից պահվում էին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում», - ասված է հաղորդագրությունում։ Հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ, դրա արդյունքում Պուտինն ու Շոլցը պայմանավորվել են, որ նշված հարցերի շուրջ քննարկումները կշարունակվեն տարբեր ձևաչափի շփումների ընթացքում։   Նորա Վանյան
15:53 - 13 մայիսի, 2022
Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցությունների, սակայն չի ընդունի ռուսական կողմի վերջնագրերը. Կուլեբա
 |1lurer.am|

Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցությունների, սակայն չի ընդունի ռուսական կողմի վերջնագրերը. Կուլեբա |1lurer.am|

1lurer.am: Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցությունների, սակայն չի ընդունի ռուսական կողմի վերջնագրերը՝ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան Գերմանիա կատարած այցի ժամանակ։ Նա նախազգուշացրել է, որ էսկալացիայի դեպքում Կիևը պատասխան հարված կհասցնի։ «Ռուսաստանը չի ցանկանում նստել բանակցությունների սեղանի շուրջ, նրանք մտադիր են շարունակել ռազմական գործողությունները»,- նշել է Կուլեբան։ Ուկրաինայի գլխավոր դիվանագետի կարծիքով՝ իր երկրին հաղթելու համար մի քանի գործոն է անհրաժեշտ՝ ճկունություն, հաստատակամություն և մարտունակություն, անհրաժեշտ զենքի մատակարարումներ և հակառուսական պատժամիջոցներ։ Նա խոստովանել է նաև, որ երկրի տնտեսությունը զգալիորեն տուժել է ռազմական գործողությունների հետևանքով։ «Ռուսական ռազմամեքենան անհնար է կանգնեցնել, քանի դեռ Եվրոպան ռուսական նավթ ու գազ է գնում»,- ասել է Կուլեբան։ Անդրադառնալով Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններին՝ Կուլեբան հայտարարել է, որ Բեռլինը պետք է առաջատար դեր ստանձնի այդ գործում: «Ուկրաինայի համար միակ ընդունելի տարբերակը թեկնածուի կարգավիճակ ստանալն է։ Մենք այլևս չենք ցանկանում կիսատ որոշումներ կայացնել: Այս պատերազմը վերջին ութ տարվա ընթացքում բոլոր կողմերի, այդ թվում՝ մեր կիսատ որոշումների արդյունքն է»,- նշել է Ուկրաինայի գլխավոր դիվանագետը։
21:23 - 12 մայիսի, 2022
Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանը խզել է կապերը Եվրոպայում «Գազպրոմի» դուստր-ձեռնարկությունների հետ

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանը խզել է կապերը Եվրոպայում «Գազպրոմի» դուստր-ձեռնարկությունների հետ

«Գազպրոմի» դուստր-ձեռնարկությունների դեմ Ռուսաստանի պատժամիջոցները նշանակում են, որ ՌԴ-ն նրանց հետ ոչ մի հարաբերություն չի ունենալու, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք «Գազպրոմի»՝ Եվրոպայում գտնվող  նախկին և ներկայիս դուստր-ընկերությունների դեմ պատժամիջոցները կբարդացնեն գազի մատակարարումը՝ Պեսկովն ասել է․ «Դրանք պատժամիջոցներ են, որոնք արգելափակում են մտցնում այս ընկերությունների նկատմամբ […], այդ պատճառով էլ այս ընկերությունների հետ փոխհարաբերություններ չեն լինելու, դրանք պարզապես արգելված են»։ Այն հարցին, թե ինչպես է դա ազդելու Եվրոպային գազ մատակարարելու վրա, Պեսկովը պատասխանել է․ «Այդ ընկերություններն այլևս չեն կարող մասնակցել գործընթացին, հավանաբար ուրիշ ընկերություններ կմասնակցեն դրան»։ Ռուսաստանը մայիսի 11-ին արգելափակող պատժամիջոցներ էր սահմանել Gazprom Germania խմբի նկատմամբ, որն այժմ Գերմանիայի կառավարությանն է ենթարկվում։ Այսօր ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտնել էր, որ Գերմանիայում «Գազպրոմի» դուստր-ձեռնարկությունները երեկվանից դադարել են գազ ստանալ Ռուսաստանից, սակայն շուկան թույլ է տալիս դա փոխհատուցել։ Նրա խոսքով՝ գերմանացի մասնագետները «մշտադիտարկում են իրավիճակն ու պատրաստ են դրան»։ «Շուկան կարող է փոխհատուցել Ռուսաստանից գազի մատակարարումների բացակայությունը», - ասել էր նա։ Նորա Վանյան
15:42 - 12 մայիսի, 2022
Գերմանիայի արտգործնախարարն Ուկրաինայում է

Գերմանիայի արտգործնախարարն Ուկրաինայում է

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկն Ուկրաինա է այցելել, նա Գերմանիայի կառավարության առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որն այս երկիր է այցելում փետրվարի 24-ին ռուսական ներխուժման մեկնարկից հետո, գրում է Reuters-ը։ Առաջին քաղաքը, որն այցելել է Բերբոկը, Կիևից ոչ հեռու Բուչա բնակավայրն է, որի առնչությամբ ռուսական զորքերը մեղադրվում են վայրագություններ կատարելու համար, որոնք արևմտյան երկրները հավսարեցնում են ռազմական հանցագործությունների։ Մոսկվան դա հերքում է և Բուչայում կատարվածն անվանում «հրեշավոր կեղծիք», որն ուղղված է իր բանակը վարկաբեկելուն։ Գերմանիայի ԱԳ նախարարը շրջել է քաղաքում Ուկրաինայի գլխավոր դատախազի ուղեկցությամբ։ Նա ասել է, որ Բուչայում կատարված սպանությունների մեղավորները պետք է դատարանի առջև կանգնեն։ «Դա մեր պարտքն է զոհերի առջև», - նշել է նա։   Նորա Վանյան
15:00 - 10 մայիսի, 2022
ՀՀ դեսպանությունը պարզաբանել է Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ դեսպանությունը պարզաբանել է Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը

Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը պարզաբանել է Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը: Խոսքը Հոհենցոլերնբրյուկե կամրջի ձախակողմյան հատվածում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մասին է: Այն տեղադրվել է 2018թ.-ի ապրիլի 15-ին «Հիշել ցեղասպանությունը» նախաձեռնության (Initiative Völkermord erinnern) և մի շարք անհատ քաղաքացիների կողմից։ Դեսպանությունը նշում է, որ տեղադրման թույլտվության բացակայության հիմնավորմամբ հուշարձանը հեռացվել է տեղադրումից չորս օր անց (2018թ.-ի ապրիլի 19-ին), ինչը իրավական վեճի առիթ է դարձել։ «Յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ի շուրջ ընկած ժամանակահատվածում հուշարձանը տեղադրվում է, ապա  ապամոնտաժվում թույլտվության բացակայության հիմնավորմամբ, ինչը հասկանալիորեն դառնում է մեր բազմաթիվ հայրենակիցների վրդովմունքի և տեղական իշխանությունների հետ իրավական վեճի առարկա։ ՀՀ դեսպանությունն ուղիղ կապի մեջ է նախաձեռնության հեղինակների և այլ շահագրգիռ կողմերի հետ և առաջիկայում կգործադրի ջանքեր իրավիճակի երկուստեք ընդունելի տարբերակով հանգուցալուծմանը նպաստելու նպատակով»,-ասված է դեսպանության հաղորդագրությունում։
17:48 - 07 մայիսի, 2022
Մինչ Չինաստանն ու Ռուսաստանն ամրապնդում են կապերը, Եվրոպան զարգացնում է հարաբերությունները Ճապոնիայի և Հնդկաստանի հետ․ Politico

Մինչ Չինաստանն ու Ռուսաստանն ամրապնդում են կապերը, Եվրոպան զարգացնում է հարաբերությունները Ճապոնիայի և Հնդկաստանի հետ․ Politico

Politico պարբերականն իր հոդվածում գրում է Չինաստանի և Ռուսաստանի համագործակցության, ինչպես նաև Հնդկաստանի և Ճապոնիայի հետ հարաբերություններն ամրապնդելու Եվրոպայի փորձերի մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Մինչ Չինաստանն ամրապնդում է իր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, Եվրոպան դաշնակիցներ է փնտրում Ասիայի մյուս շրջաններում։ Հաջորդ շաբաթ նախատեսվում է, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Տոկիո են մեկնելու՝ ԵՄ-Ճապոնիա համատեղ գագաթնաժողովի անցկացման համար։ Այս մասին հայտնել են երկու դիվանագետներ, որոնք ցանկացել են անանուն մնալ, ճապոնական լրատվամիջոցները հաստատել են լուրը։ Սա այս երկու եվրոպացի պաշտոնյաների առաջին այցն է լինելու Արևելյան Ասիա այն բանից ի վեր, ինչ զբաղեցրել են իրենց պաշտոնները ԵՄ-ում կորոնավիրուսի տարածումից մի փոքր առաջ։ Նախորդ շաբաթ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնավարման մեկնարկից ի վեր առաջին այցը կատարեց Ասիա և շրջանցեց Չինաստանը։ Փոխարենն այցելեց Ճապոնիա՝ ի տարբերություն Գերմանիայի նախորդ կանցլեր Անգելա Մերկելի, որը նախընտրում էր անձնական կապերը զարգացնել Պեկինի ղեկավարության հետ։ Դրանից մի քանի օր առաջ ֆոն դեր Լյայենը Հնդկաստանում ներկա գտնվեց Raisina Dialogue արտաքին քաղաքական հարցերով առանցքային կոնֆերանսին, որտեղ հստակ զգուշացում արեց Պեկինի և Մոսկվայի միջև «սահմաններ չունեցող» գործընկերության մասին։ Հունիսից Եվրամիության խորհրդում Չեխիայի նախագահության ընթացքում պլանավորվում է մի շարք միջոցառումներ անցկացնել Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ՝ չնայած նրան, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը խլում է Եվրոպայում քաղաքական էներգիայի մեծ մասը։ Կարճ ասած՝ եվրոպական հողում անսպասելիորեն սկսված պատերազմը Եվրամիությանը ստիպում է նոր հայացք գցել Չինաստանի վրա, որն, ինչպես պարզվում է, կարծես թե Ռուսաստանի հավատարիմ գործընկերն է։   Չինաստան Երկու տասնամյակ շարունակ Չինաստանը հսկայական օգուտներ է քաղել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուց։ Եվրոպական բազմազգ շատ կորպորացիաներ Չինաստանը դիտարկում են՝ որպես կարևոր շուկա և շահույթի աղբյուր։ Չնայած Չինաստանի նախագահ Սի Ծինպինի՝ ներքին նորարարություններին և սպառմանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու կոչերին՝ արտաքին առևտուրը, հատկապես՝ ԵՄ և ԱՄՆ հետ, նախկինի պես հսկայական դեր է խաղում Չինաստանի տնտեսական զարգացման հարցում։ Պատերազմն Ուկրաինայում փոխեց այս իրավիճակը։ Եվ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, և Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լյայենը Պեկինին զգուշացրին «հետևանքների» և «հեղինակության ռիսկերի» մասին, եթե վերջինս Ռուսաստանին օգնի շրջանցել պատժամիջոցներն ու զենք տրամադրի։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն ավելի հեռուն գնաց՝ նախորդ շաբաթ հայտարարելով, որ Չինաստանի աճը «անխուսափելի բան չէ, այն չի շարունակվելու, եթե նրանք [Չինաստանը] չհետևեն խաղի կանոններին»։ Չինաստանի դեմ խստացող հեռտորաբանությունն աննկատ չի մնացել բիզնես միջավայրի համար։ Քանի որ արևմտյան ընկերությունները խզել են կապերը Ռուսաստանի հետ, Չինաստանի բիզնես համայնքում աճում է անհանգստությունը, հատկապես, որ Պեկինն այնքան էլ ջանք չի գործադրում հեռավորություն պահպանելու մի երկրից, որն ավելի ու ավելի վտարանդի է դառնում։   Ճապոնիա Ինչպես Շոլցն է նշել, Ճապոնիայի ընտրությունը՝ որպես ասիական առաջնային ուղղություն, որը նա արել է Գերմանիայի կանցլեր դառնալուց հետո, «պատահական չէ»։ Թեև Շոլցը խուսափել է ուղղակիորեն քննադատել Չինաստանին, նա ընդգծել է գերմանական բիզնեսի մասով դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը։ Կանցլերը հավելել է, որ մատակարարման շղթաների կախվածությունն առանձին պետություններից նվազեցնելը «խնդիր է, որը երբեք այսքան արդիական չի եղել»։  «Մի բան պարզ է․ մեր ընկերություններն ու մենք ինքներս անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ երաշխավորելու համար, որ մատակարարման շղթաների հարցում ոչ ոք որոշակի պահի կախված չէ միայն մի երկրից»։ [Ուկրաինական] պատերազմի մեկնարկից ի վեր Ճապոնիան հայտարարվել է՝ որպես Արևմուտքի մոտ գործընկեր։ Նա սակավաթիվ ասիական երկրներից մեկն է (Հարավային Կորեային և Սինգապուրին զուգահեռ), որը միացել է Եվրոպայի և ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին։ Երբ խոսքը գնում է տարածաշրջանում Ճապոնիայի՝ գլխավոր հակառակորդ Չինաստանի հետ հարաբերությունների մասին, Տոկիոն մեծապես հույսը դնում է ԱՄՆ հետ անվտանգության հարցերում համագործակցության վրա։ Օրինակ՝ անցյալ տարի Financial Times-ը գրել էր, որ Ճապոնիան ու ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են անցկացրել Թայվանի պատճառով Չինաստանի հետ հնարավոր կոնֆլիկտի առնչությամբ։ Սակայն ԵՄ-ն էլ իր դեր պետք է ունենա։ «Թեև նրանք [Ճապոնիան] հասկանում են, որ եվրոպացիները չեն կարող փոխարինել ԱՄՆ հետ համագործակցությունը, կարծում եմ, այն [Եվրոպան], միևնույն է, ծառայում է՝ որպես լրացուցիչ երաշխիք», - ասում է Ճապոնիայում և Չինաստանում ԵՄ նախկին դեսպան Դիտմար Շվայսգուտը։   Հնդկաստան Հաջորդ մի քանի ամիսը վճռորոշ նշանակություն է ունենալու՝  հասկանալու համար, թե արդյոք Եվրոպան կարող է միաժամանակ կենտրոնանալ և Ռուսաստանի, և Չինաստանի վրա։ Հնդկաստանն, իր հերթին, որոշ առումով ավելի շատ նման է Չինաստանին, քան Ճապոնիային։ Նա հաշվի չի նստել Արևմուտքի գործադրած ճնշման հետ և ձեռնպահ է մնացել Ռուսաստանի սանձազերծած պատերազմը դատապարտող ՄԱԿ քվեարկության ժամանակ։ Հնդկաստանը նաև ռուսական զենքի խոշոր ներկրող է։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն Հնդկաստանը համարում է առանցքային գործընկեր Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ նրա, Ավստրալիայի և Ճապոնիայի հետ միասին Անվտանգության քառակողմ երկխոսություն (QUAD) ձևավորելով , որը Չինաստանում սպառնալիք է համարվում։ Ֆրանսիան նույնպես ձգտում է բարելավել ռազմածովային կապերը Հնդկաստանի հետ։ Նյու Դելի կատարած իր այցի ժամանակ ֆոն դեր Լյայենը քննադատել էր Չինաստանին՝ Ռուսաստանի հետ նրա համագործակցության համար և ողջունել էր Հնդկաստանին՝ որպես աշխարհի մեծագույն ժողովրդավար երկրի, և խոստացել խորացնել առևտրային կապերը։ Փորձելով հետ պահել Հնդկաստանին Ռուսաստանի հետ համագործակցությունից նա հավելել էր․ «Պատերազմի ելքը ոչ միայն կանխորոշելու է Եվրոպայի ապագան, այլև մեծապես ազդելու է Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և մնացած աշխարհի վրա»։ ԵՄ-Հնդկաստան հարաբերությունների գլխավոր խնդիրն ազատ առևտրի մասին պայմանագրի բացակայությունն է։ Համաձայնագիր կնքելու նախորդ յոթամյա փորձը փակուղի է մտել, սակայն կողմերն այժմ փորձում են վերսկսել բանակցությունները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նույնպես վերջերս Հնդկաստան է այցելել, նրա այցի առանցքում պաշտպանության ոլորտում համագործակցությունն էր։ Որպես խորհրդանշական քայլ Հնդկաստանը որոշել է դեսպանատուն բացել Լիտվայում՝ ԵՄ անդամ երկրում, որի դեմ Պեկինն առևտրային էմբարգո է կիրառում։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այս շաբաթ Եվրոպա կայցելեն։ Չինաստանի վերաբերյալ նրանց գաղափարները լսելի կլինեն, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք արդյունքում որևէ գործողություն կձեռնարկվի»։   Նորա Վանյան  
16:48 - 05 մայիսի, 2022
Իրանի միջուկային գործարքը մոտ է տապալման, բայց կողմերը չեն ուզում ընդունել դա․ Reuters

Իրանի միջուկային գործարքը մոտ է տապալման, բայց կողմերը չեն ուզում ընդունել դա․ Reuters

Արևմտյան պաշտոնյաները մեծապես հույսը կորցրել են, որ Իրանի հետ միջուկային գործարքը կվերականգնվի, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով այս հարցին լավատեղյակ իր աղբյուրները։ Հոդվածը ներկայացնում ենք կճատումներով․ «Թեև նրանք ամբողջությամբ չեն հրաժարվել համաձայնագրից, ըստ որի՝ Իրանը սահմանափակել էր իր միջուկային ծրագիրն՝ իր դեմ գործող տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց, աճում է համոզմունքը, որ դա, գուցե, անհույս հարց է։ Արևմտյան չորս դիվանագետներ համակարծիք են, որ այն գործարքի վերականգնման հույսը, որն Իրանը կնքել է Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ 2015 թ-ին, և որից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է 2018 թ-ին, մարում է։ Գործարքը վերածնվելու եզրին էր մարտի սկզբին, երբ Եվրամիությունը, որը համակարգում է բանակցությունները, նախարարներին Վիեննա էր հրավիրել՝ համաձայանգիր կնքելու։ Սակայն բանակցությունները տապալվեցին վերջին պահին Ռուսաստանի կողմից առաջ քաշված պահանջների և այն հարցի պատճառով, թե արդյոք Վաշինգտոնը կարող է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հեռացնել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների (FTO) իր ցանկից։ ԻՀՊԿ-ն վերահսկում է էլիտար զինված և հետախուզական ուժեր, որոնց Վաշինգտոնը մեղադրում է գլոբալ ահաբեկչական արշավի համար։ Կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հեռացնելու Թեհրանի պահանջին դեմ են ամերիկացի շատ օրենսդիրներ, որոնք այն ահաբեկչական կազմակերպություն են համարում՝ չնայած Իրանի հերքումներին։ Ռուսաստանի պահանջները, կարծես, մեղմացվել են, սակայն ԻՀՊԿ վերաբերյալ պահանջը՝ ոչ, իսկ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում սպասվող միջանկյալ ընտրություններն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար դժվարացնում են ընդդիմության դեմ պայքարն այդ կազմակերպությունը ցանկից հեռացնելու համար։ Բայդենի օգնականները հասկացնել են տվել, որ ԻՀՊԿ-ն ցանկից հեռացնելու պլաններ չունեն, սակայն չեն բացառել դա՝ հայտարարելով, որ, եթե Թեհրանն ուզում է, որ ԱՄՆ-ն գործարքի վերականգնման խիստ շրջանակից դուրս այդպիսի քայլ անի, Իրանը նույնպես պետք է ԱՄՆ համար հարցեր լուծի այդ գործարքից դուրս։ «Արդյո՞ք գործարքը մեռած է։ Դեռ չգիտենք, անկեղծ ասած, չենք կարծում, թե Իրանն էլ գիտի», - ասել է ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա։ Կարծես թե, Իրանը դեռ չի ուզում զիջել ԻՀՊԿ-ն ԱՄՆ ցանկից հեռացնելու հարցում։ «Դա մեզ համար կարմիր գիծ է, և մենք չենք զիջելու այդ հարցում», - ասել է Իրանի անվտանգության հարցերով պաշտոնյաներից մեկը։ Մի քանի աղբյուրների պնդմամբ՝ կողմերից ոչ մեկը չի ուզում խոստովանել, որ անուղղակի բանակցությունները, որոնք շարունակվում էին գրեթե մեկ տարի, տապալվել են։ Որովհետև Վաշինգտոնը հույս ունի, որ Իրանը կհրաժարվի ԻՀՊԿ-ի վերաբերյալ իր պահանջից, իսկ Իրանը համոզված է, որ կարող է վերականգնել գործարքը, երբ ցանկանա։ Արդյունքում՝ իրավիճակը կարող է փոխվել, աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի տարածք ռուսական ներխուժման և նավթի գների աճի վրա, ինչն Իրանին թույլ է տալիս ավելի շատ գումար աշխատել ԱՄՆ պատժամիջոցների շրջանցմամբ նավթի ապօրինի արտահանումից։ «Չեմ կարծում, թե որևէ մեկն ուզում է ասել՝ վերջ, բավական է։ Արդյո՞ք սա անվերջ շարունակվելու է, և կողմերից ոչ մեկը չի ընդունելու, որ ամեն ինչ վերջացած է․․․ Հավանաբար», - ասում է արևմտյան դիվանագետներից մեկը։ Սա կարող է Իրանին թույլ տալ շարունակել ընդլայնել իր միջուկային ծրագիրը, որն արագացել է այն բանից հետո, երբ Թրամփը հրաժարվել է գործարքից։ Չնայած Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «Պլան Բ-ի» մասին ԱՄՆ խոսակցություններին՝ եթե գործարքը չվերականգնվի, [իրադարձությունների զարգացման] մի քանի տարբերակ կա։ Եթե բացառենք ԱՄՆ և Իսրայելի կողմից ռազմական գործողություններն՝ Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացման նպատակով, ապա գերտերությունների գլխավոր լծակն իրանական նավթի արտահանման սահմափակումն է։ Թեև 2015թ-ի գործարքին նախորդող տարիներին Վաշինգտոնը լռելյայն ուներ Մոսկվայի և Պեկինի աջակցությունն ամերիկյան պատժամիջոցների միջոցով իրանական նավթի արտահանման սահմանափակման հարցում, գերտերությունների շրջանում այդպիսի կոնսենսուս չկա։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, չնայած ԱՄՆ և Եվրոպայի նախազգուշացումներին, ցույց է տալիս, որ Մոսկվայի համաձայնությունը չի կարելի որպես փաստ ընդունել։ Չինաստանն ապօրինի արտահանված իրանական նավթի հիմնական գնորդն է և, ըստ որոշ աղբյուրների, դրա սահմանափակմանը հասնելը դժվար կլինի այն պայմաններում, երբ նավթի մատակարարումները սուղ են, իսկ Թեհրանը Պեկինին զեղչ է տրամադրում։ Ավելի վաղ պատասխանելով ԱՄՆ պատժամիջոցների շրջանցմամբ իրանական նավթի գնման մասին հարցին՝ Չինաստանի արտգործնախարարությունը հրաժարվել էր մանրամասներ ներկայացնել, սակայն հաստատել էր, որ Չինաստանը համաձայն չէ ԱՄՆ արտատարածքային պատժամիջոցներին և կոչ է անում Միացյալ Նահանգներին չեղարկել միակողմանի պատժամիջոցները։ Իրանական նավթի արտահանումը, Kpler ընկերության տվյալներով, առաջին եռամսյակում աճել է՝ օրական 668 հազար բարելից հասնելով միջինում օրական մինչև 870 հազար բարելի։ Միացյալ Նահանգներն, ըստ էության, պետք է երկու ուղղությամբ գործի՝ սահմանափակի, մի կողմից, ռուսական նաթվի արտահանումը, մյուս կողմից՝ իրանական նավթինը։ «Դա հեշտ չէ, - ասում է աղբյուրներից մեկը։ - Իրանն այժմ վաճառում է նավթի այն ծավալի մոտավորապես կեսը, որը կարող էր վաճառել, եթե չլինեին ԱՄՆ պատժամիջոցները, սակայն, շնորհիվ գների աճի, նույն եկամուտն է ստանում»։ «[Ինչո՞ւ պետք է Թեհրանը] ցավոտ զիջման գնա, եթե, ըստ էության, ադեն ստանում է այդ նավթային շահույթը», - նշում է նա»։   Նորա Վանյան
21:32 - 02 մայիսի, 2022
ՌԴ դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել Ուկրաինայից նրա զորքերը դուրս բերելուց հետո․ Գերմանիայի ԱԳ նախարար

ՌԴ դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել Ուկրաինայից նրա զորքերը դուրս բերելուց հետո․ Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկն ասել է, որ հակառուսական պատժամիջոցները կարող են չեղարկվել Ուկրաինայում պատերազմի ավարտից և ռուսական զորքերի դուրսբերումից հետո։ Սակայն Ռուսաստանի թելադրած պայմաններով խաղաղությունն անվտանգություն չի բերի ոչ Ուկրաինային, ոչ Եվրոպային, կարծում է նախարարը։ «Հրադադարը միայն առաջին քայլն է լինելու։ Մեզ համար պարզ է, որ պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը»,— «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ ասել է Բերբոկը գերմանական Bild-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ խաղաղ կարգերը, որ գոյություն ունեին եվրոպայում, «անդառնալիորեն խախտվել են» Վլադիմիր Պուտինի քաղաքականության պատճառով։ Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել այնպես, ինչպես նախկինում։ «Մենք այլևս երբեք չենք կարող հույս դնել միայն Պուտինի խոստումների վրա», - ասել է նա։   Նորա Վանյան
17:17 - 01 մայիսի, 2022
Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական գազի դիմաց ռուբլով չեն վճարելու |shantnews.am|

Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական գազի դիմաց ռուբլով չեն վճարելու |shantnews.am|

shantnews.am: Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել է, որ Գերմանիան չի պատրաստվում ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել։ Այս մասին TASS-ի հաղորդմամբ նա գրել է Twitter-ում։ «Մենք առաջիկայում էլ ռուսական գազի դիմաց ռուբլով չենք վճարի։ Մենք ձեռնարկում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի էներգակիրների մատակարարման հարցում Ռուսաստանից անկախանանք»,- ասել է Լինդները։ Ապրիլի 26-ին «Գազպրոմ» ընկերությունը Լեհաստանի և Բուլղարիայի ներմուծող ընկերություններին հայտնել էր, որ ապրիլի 27-ից դադարեցնում է մատակարարումները գազի դիմաց ռուսական ռուբլով վճարումներ կատարելուց հրաժարվելու պատճառով։ Գերմանիայի իշխանությունները այս որոշման վերաբերյալ անհանգստություն էին հայտնել և չէին բացառել, որ հնարավոր է մատակարարումները գերմանիա նույնպես դադարեցվեն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր , համաձայն որի ապրիլի 1-ից ռուսական գազի մատակարարման դիմաց վճարումների կարգը փոխվել է , այսպես կոչված, ոչ բարեկամ երկրների համար: Այդ երկները պետք է արտարժույթով վճարումներ կատարեն «Գազպրոմբանկ»-ին, որն իր հերթին  այդ գումարով բորսայում պետք է ռուբլի գնի և փոխանցի արտահանող կազմնակերպություններին։ Ռուսաստանը պարտավորվում է գազի մատակարարումները կատարել այն արժեքով և ծավալներով, որոնք ամրագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերով։
17:56 - 30 ապրիլի, 2022
Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարումը թույլատրող օրինագիծը
 |1lurer.am|

Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարումը թույլատրող օրինագիծը |1lurer.am|

1lurer.am: Բունդեսթագի պատգամավորները ձայների 586 կողմ, 100 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն են տվել «Եվրոպայում խաղաղության և ազատության պաշտպանություն. համապարփակ աջակցություն Ուկրաինային» վերտառությամբ փաստաթղթին, որով կառավարությանը կոչ է արվում ընդլայնել Ուկրաինային ռազմական աջակցությունը և դատապարտել Ռուսաստանի ռազմական գործողությունները։ Կարևորվում է գործընկերների հետ համակարգմամբ Գերմանիայից ծանր սպառազինության մատակարարումն արագացնելու և Ուկրաինայում հրադադար սահմանելու անհրաժեշտությունը»,- ընդգծվում է փաստաթղթում։ Խորհրդարանականները նաև կառավարությանը կոչ են արել աջակցել Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության հնարավոր համաձայնագրի ստորագրմանը։ Որոշմանը դեմ են արտահայտվել «Այլընտրանք Գերմանիայի համար» և Ձախերի կուսակցություն քաղաքական ուժերը:
15:47 - 28 ապրիլի, 2022