Կրեմլը մեկնաբանել է Bloomberg-ի այն պնդումը, որ Ռուսաստանը դեֆոլտի է բախվել
 |tert.am|
14:44 - 27 հունիսի, 2022

Կրեմլը մեկնաբանել է Bloomberg-ի այն պնդումը, որ Ռուսաստանը դեֆոլտի է բախվել |tert.am|

tert.am: Կրեմլը համաձայն չէ, որ Ռուսաստանը դեֆոլտի է բախվել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ն:

Նախագահի խոսնակին հարցրել են, թե արդյոք Կրեմլը համաձայն է, որ Ռուսաստանը 1918 թվականից ի վեր առաջին անգամ դեֆոլտի է բախվել, ինչպես որ պնդում է Bloomberg-ը:

«Ոչ, մենք համաձայն չենք», - պատասխանել է Պեսկովը:

Դեֆոլտը պարտապանի կողմից պարտքը վճարելու պարտավորության չկատարումն է: Կառավարության դեֆոլտը նվազեցնում է նրա վարկային վարկանիշը, որից հետո երկրի համար դժվար կամ անհնար է դառնում նոր վարկեր ստանալը:

Հիշեցնենք, որ լույս հունիսի 27-ը լրացել է Ռուսաստանի մոտ 100 մլն դոլարի եվրապարտատոմսերի տոկոսների վճարման արտոնյալ ժամկետը, ինչի հետևանքով գրանցվել է վերջին հարյուր տարում Ռուսաստանի համար արտաքին պարտքի դեֆոլտը, գրել էր Bloomberg-ը՝ վկայակոչելով պարտքային պարտավորությունների պայմանները։ Դրանց համաձայն՝ հունիսի 26-ին ավարտվել է մոտ 100 մլն դոլարի եվրապարտատոմսերի տոկոսների վճարման արտոնյալ ժամկետը։

Նախօրեին հաղորդվել էր, որ եթե ներդրողները գումարը չստանան մինչև վերջնաժամկետը, ապա երկուշաբթի առավոտյան տեղի կունենա «դեֆոլտ»։ Bloomberg-ի տվյալներով՝ Ռուսաստանի համար սա արտաքին պարտքի առաջին դեֆոլտն է վերջին հարյուր տարվա ընթացքում՝ սկսած այն պահից, երբ 1918 թվականին իշխանության եկած բոլշևիկները հրաժարվեցին վճարել Ռուսական կայսրության պարտքերը։

Գործակալության տվյալներով՝ «սա երկրի՝ տնտեսական, ֆինանսական և քաղաքական վտարանդիի արագ վերածման նշան է», քանի որ «Կենտրոնական բանկի արժութային պահուստները սառեցված են, իսկ խոշորագույն բանկերը կտրված են համաշխարհային ֆինանսական համակարգից»։

Bloomberg-ը, սակայն, ընդունում է, որ «հաշվի առնելով արդեն հասցված վնասը տնտեսությանը և շուկաներին (Ռուսաստան), դեֆոլտը առայժմ հիմնականում խորհրդանշական բնույթ է կրում և քիչ նշանակություն ունի ռուսների համար»:

Մոսկվան դեֆոլտին մոտեցել է Ուկրաինա զորքեր մտցնելուց անմիջապես հետո, բայց կարողացել է խուսափել դրանից՝ անցնելով վճարման այլ եղանակի, սակայն արդեն մայիսին ԱՄՆ իշխանությունները փակել են Մոսկվային մանևրելու հնարավորություն տվող սողանցքը, գրում է Bloomberg-ը։

Այժմ համաշխարհային շուկաները բախվում են «եզակի իրավիճակի», երբ վարկառուն պատրաստ է և ունի ռեսուրսներ վճարելու վարկատուներին, բայց չի կարողանում դա անել պատժամիջոցների պատճառով, նշում է գործակալությունը:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել