ՄԻՊ-ը մասնակցել է «Հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի անդամ պետությունների նստաշրջանին
10:47 - 15 հունիսի, 2022

ՄԻՊ-ը մասնակցել է «Հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի անդամ պետությունների նստաշրջանին

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի անդամ պետությունների համագումարի 15-րդ նստաշրջանին։ Այս մասին հաղորդում է ՄԻՊ գրասենյակը։

Լիագումար նիստի ընթացքում ելույթով Պաշտպանը ներկայացրել է Կոնվենցիայի պահանջներին համապատասխանության ապահովման հարցում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը և կատարվող աշխատանքները՝ թե՛ իրավիճակի մշտադիտարկման, և թե՛ անհատական դիմում բողոքների քննության արդյունքում։ 

Գրիգորյանը շեշտել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կոմիտեին անցյալ տարի Պաշտպանի հաստատության կողմից ներկայացված հատուկ զեկույցի կարևորությունը, որտեղ համակարգային խնդիրները ներկայացնելուց զատ, ընդգրկվել էին կոնկրետ առաջարկություններ լուծումների վերաբերյալ։

Պաշտպանը համագումարի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է համավարակի ընթացքում արտակարգ դրության և պատերազմական գործողությունների ժամանակ հայտարարված ռազմական դրության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց համար առաջացող լրացուցիչ խոչընդոտների ու դրանց հասցեագրման անհրաժեշտության վրա։

Ինչպես նշված է հաղորդագրությունում, կարևորելով պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը՝ Մարդու իրավունքների պաշտպանը որպես շարունակվող մարտահրավերներ, ի թիվս այլնի նշել է խտրականության դեմ պայքարի մասին համապարփակ օրենսդրության բացակայությունը, որով հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հարմարություններ տրամադրելուց հրաժարումը կսահմանվի որպես խտրականության տեսակ։

Պաշտպան Գրիգորյանը նաև շեշտել է, որ դեռևս հաղթահարված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների ապաինստիտուցիոնալացման, խնամատարության շրջանակների ընդլայնման, հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի ապահովման բավարար պայմանների երաշխավորման ու ապահովման մարտահրավերները, մասնավորապես՝ քաղաքաշինության, տրանսպորտի, տեղեկատվության ու հաղորդակցության, սոցիալական, կրթական, առողջապահական, մշակութային ու սպորտային ծառայությունների բավարար հասանելիությունը։ Պաշտպանը նաև շեշտել է Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիայի Կամընտիր արձանագրության վավերացման կարևորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել