Հայկ Խանումյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը |azatutyun.am|
17:51 - 07 հունիսի, 2022

Հայկ Խանումյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը |azatutyun.am|

azatutyun.am: 44-օրյա պատերազմից հետո Արցախի իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Նախարարի պաշտոնը արդեն տարիուկես զբաղեցնող Խանումյանը համաձայն չէ իրավապահների առաջ քաշած վարկածի հետ, թե ինքը պաշտոնական անփութություն է դրսևորել և պետությանը պատճառել շուրջ 70 միլիոն դրամի վնաս։

Գործը հսկող դատախազ Ալիկ Ստեփանյանը, մինչդեռ, պնդում է, որ նախարարը չի կատարել իր իսկ պարտականությունները. - «Խոսքը վերաբերում էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Արցախի Հանրապետությունից տեղահանված, անօթևան մնացած բնակիչներին հյուրանոցայի ծառայությունների և սննդի մատակարարման ոլորտին»։

Պատերազմից հետո Արցախի իրավապահները սկսեցին քննել, թե արդյո՞ք Խանումյանի ղեկավարած գերատեսչությունը վերահսկել է տուն ու տեղ կորցրած անօթևաններին ժամանակավոր կացարան տրամադրելու, նրանց սնունդ մատակարարելու գործընթացները։

«Հայկ Խանումյանը, որպես նախարար, անհրաժեշտ հետևողականություն չի ցուցաբերել, ծառայության նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, ոչ-պատշաճ է կատարել համապատասխան իրավական ակտերով և իմ կողմից նշված պայմանագրերով նախատեսված պարտականությունները։ Պատշաճ վերահսկողություն չի իրականացրել, ավելի ստույգ՝ չի սահմանել հյուրանոցային և սննդի ծառայությունների մատուցման գնման գործընթացի նկատմամբ, մատուցման ծառայության ամենամսյա արդյունքների, պայմանագրով նախատեսված պայմանների համապատասխան ստուգման պարտականություն նախարարության որևէ պաշտոնական անձի կամ ստորաբաժանման չի պատվիրակել», - թվարկեց դատախազը։

37-ամյա նախարարը «Ազատությանը» նաև հայտնեց, որ վնասի վերականգնում չի արել, քանի որ իրավապահների եզրակացությունները անհիմն է համարում։

Մինչդեռ հայտնաբերված թերությունները, ըստ դատախազի, նախարար Խանումյանը պայմանավորել է մեծածավալ աշխատանքով։ Դատախազ Ստեփանյանն ընդգծում է նաև, որ կատարված աշխատանքի փաստաթղթերը Խանումյանը չի ստուգել, այնինչ դրանցում կեղծ տեղեկություններ են նշվել. - «Կատարողների կողմից, այսինքն՝ տվյալ ծառայությունները մատուցող անձանց կողմից ծառայության ամենամսյա արդյունքների հանձնման-ընդունման արձանագրություններում ներառված մատուցված ծառայության քանակի վերաբերյալ կեղծ տեղեկությունները չեն բացահայտվել, դրանք առանց ստուգման ընդունվել են Հակ Խանումյանի ստորագրությամբ, ու պետության կողմից ծառայությունները մատուցողներին, այսինքն՝ ըստ պայմանագրի կատարողներին վճարում է կատարվել իրականում չմատուցված ծառայության դիմաց, ինչի հետևանքով պետական բյուջեից տվ յալ անձանց ավել է վճարվել այս պահին քննությամբ պարզված առանձնապես խոշոր չափ կազմող 69 միլիոն 485 հազար ՀՀ դրամի գումար»։

Արդյո՞ք հարուցված քրեական գործը բավարար չէ կասեցնելու Խանումյանի գործունեությունը նախարարի պաշտոնում։ Ըստ դատախազ Ալիկ Ստեփանյանի, այս հարցը քննարկել են մեղադրանքն առաջադրելիս, բայց դեռ որոշում չունեն։


Նաիրա Բուլղադարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել