Արցախում կրթահամալիր հիմնելու վերաբերյալ «Շիրակացու ճեմարան»-ի հետ հուշագիր է ստորագրվել
11:26 - 07 մայիսի, 2022

Արցախում կրթահամալիր հիմնելու վերաբերյալ «Շիրակացու ճեմարան»-ի հետ հուշագիր է ստորագրվել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 7-ին ընդունել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի պատվիրակությանը՝ տնօրեն Աշոտ Ալիխանյանի գլխավորությամբ:
Պետական նախարարն ու համալիրի տնօրենը ստորագրել են Արցախի Հանրապետության կառավարության և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի միջև համագործակցության հուշագիր: Հուշագրով կողմերը միավորում են իրենց ջանքերը Արցախի Հանրապետությունում «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի փորձի հիման վրա նոր որակի Ուսումնական հաստատության ստեղծման շուրջ։ Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արտակ Բեգլարյանը ողջունել է պատվիրակության այցը՝ ընդգծելով վերջին ամիսների ընթացքում ունեցած քննարկումների կարևորությունն ու երկկողմանի հաստատակամությունը կրթահամալիրի գործունեությունը Արցախի Հանրապետությունում կազմակերպելու առումով: Հատկապես Մայիսյան եռատոնին ընդառաջ, պետական նախարարի հավաստմամբ, Արցախի գիտակրթական ներուժի զարգացման հարցում հաստատության հետ կապերի առարկայացումը կարևոր նշանակություն ունի, որը լուրջ հիմք ու խթան է լինելու Արցախի երկարաժամկետ զարգացման համար:

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը բարձր է գնահատել Արցախի իշխանությունների որոշումը կրթահամալիրի գործունեությունը Արցախում մեկնարկելու առումով՝ նշելով իրենց պատրաստակամությունը հաստատության ներուժն ու տարիների փորձը ծառայեցնելու Արցախի աշակերտների որակյալ ուսման ապահովմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել