Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է ուկրաինացիների կողմից ռուսաստանցի զինվորի սպանության տեսանյութը
17:47 - 07 ապրիլի, 2022

Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է ուկրաինացիների կողմից ռուսաստանցի զինվորի սպանության տեսանյութը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը BBC-ի ռուսական ծառայությանը մեկնաբանել է տեսանյութը, որում ուկրաինացի զինվորականները սպանում են ռուսաստանցի զինվորի, տեսանյութի իսկությունը հաստատել է The New York Times պարբերականը։

«Անկասկած, մարտական գործողությունների ինտենսիվությունը կարող է որոշակի միջադեպեր սադրել։ Եվ պարզ է, որ նման դեպքերում իրականացվելու է միջադեպերի իրավաբանական կարգավորում։ Սակայն պետք է նշել հետևյալը։ ՌԴ բանակի լիակատար և ակնհայտ հրաժարումը պատերազմի կանոններից և սովորույթներից, Ուկրաինայի խաղաղ քաղաքացիների միտումնավոր նվաստացումն ու զանգվածային սպանությունները, որոնք բացարձակ փաստագրական հաստատում ունեն, ստեղծում են հասկանալի հուզական ֆոն և՛ ուկրաինական հասարակությունում, և՛ ուկրաինական զինված ուժերում։ Ռուսաստանը զանգվածաբար հարձակվում է մեր երեխաների, կանանց, տարեցների վրա, և, բնականաբար, սա չի կարող ուկրաինացի զինվորականների պատասխան արձագանքը չառաջացնել։ Այդ պատճառով էլ, նախ, ցանկացած դեպքում նման միջադեպերը պահանջում են հստակ հետաքննության անցկացում՝ շարժառիթների և հանգամանքների պարզման համար։ Երկրորդ հերթին՝ Ռուսաստանը, հավանաբար, պետք է հրաժարվի հակաուկրաինական ցեղասպան քարոզչությունից և իր բանակը վերադարձնի պատերազմի այդ նույն կանոնների և սովորույթների ըմբռնմանը», - ասել է Պոդոլյակը։

Նախօրեին The The New York Times թերթը հաղորդել էր, որ տեսանյութը, որը համացանցում էր հայտնվել ապրիլի 4-ին, հավաստի է և արվել է Կիևից դեպի արևմուտք գտնվող Դմիտրովկա գյուղի մերձակայքում։

Տեսանյութում ուկրաինական համազգեստով մարդը երկու անգամ կրակում է գետնին պառկած ռուսաստանցի զինվորականի վրա, իսկ նրա կողքին ևս երկու պառկած մարդ է երևում՝ կապված ձեռքերով, ենթադրաբար՝ սպանված։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել