Լավրովը հայտարարել է, որ Կիևը շեղվում է ստամբուլյան պայմանավորվածություններից
16:34 - 07 ապրիլի, 2022

Լավրովը հայտարարել է, որ Կիևը շեղվում է ստամբուլյան պայմանավորվածություններից

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական համաձայնագրի՝ Ուկրաինայի ներկայացրած նոր նախագծում Ռուսաստանը շեղումներ է տեսնում ստամբուլյան պայմանավորվածություններից, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Ուկրաինան բանակցային խմբին է ներկայացրել համաձայնագրի իր նախագիծը, ակներև է շեղումը Ստամբուլում մարտի 29-ի հանդիպմանն արձանագրված կարևոր դրույթներից, որոնք ամրագրված են փաստաթղթում, որի տակ ուկրաինական պատվիրակության ղեկավար (Դավիթ) Արախամիայի ստորագրությունն է», - ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ «ստամբուլյան փաստաթղթում ուկրաինացիները հստակ ձևակերպել են, որ Ուկրաինայի անվտանգության ապագա երաշխիքները չեն տարածվում Ղրիմի և Սևաստոպոլի վրա»։ «Սակայն երեկվա նախագծում այս հստակ արձանագրումը չկա։ Դրա փոխարեն առաջարկվում են լղոզված ձևակերպումներ ինչ-որ «արդյունավետ վերահսկողության» մասին», - նշել է Լավրովը։

Բացի այդ, Լավրովի խոսքով՝ Ուկրաինայի նոր առաջարկները ենթադրում են իր տարածքում օտարերկրյա զորախմբերի մասնակցությամբ զորավարժությունների անցկացման հնարավորություն՝ իր անվտանգության երաշխավոր երկրների մեծ մասի համաձայնությամբ, սակայն Ռուսաստանն այդ համատեքստում չի հիշատակվում։

Դա, ինչպես նշել է ՌԴ արտգործնախարարը, խախտում է ստամբուլյան պայմանավորվածությունները, քանի որ դրանց արդյունքում ստորագրված փաստաթղթում ամրագրված է, որ «Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային, ապամիջուկային կարգավիճակի համատեքստում՝ օտարերկրյա զորախմբերի մասնակցությամբ ցանկացած զորավարժություն կարող է անցկացվել միայն բոլոր երաշխավոր պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնությամբ»։

«Պայմանավորվածությունները պահպանելու այս անընդունակությունը հերթական անգամ բնորոշում է Կիևի իսկական նպատակները, բանակցությունները ձգձգելուն և անգամ տապալելուն ուղղված նրա քաղաքականությունը՝ ձեռք բերված համաձայնություններից շեղվելու միջոցով», - ասել է նա։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել