Ճապոնիան անթույլատրելի է համարում Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դադարեցումը
12:23 - 22 մարտի, 2022

Ճապոնիան անթույլատրելի է համարում Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դադարեցումը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այսօր խորհրդարանում տեղի ունեցած դեբատների ընթացքում անթույլատրելի է անվանել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները դադարեցնելու Ռուսաստանի որոշումը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք դա բացարձակ անարդարացի և անթույլատրելի ենք համարում, և այդ կապակցությամբ խիստ բողոք ենք հղում: Մենք չենք փոխում Հյուսիսային տարածքների (Ռուսաստանը դրանք անվանում է Հարավային Կուրիլներ- խմբ․) խնդրի լուծմանն ու խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված մեր քաղաքականությունը»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։

Կիսիդան հայտնել է նաև, որ Ճապոնիայի կառավարությունը մտադիր չէ վերանայել 2022թ.-ի ֆինանսական տարվա բյուջեն (սկսվում է ապրիլի 1-ից), որով, մասնավորապես, ծախսեր են նախատեսված Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության համար, քանի որ «այդ միջոցներն ուղղվել են ճապոնական ձեռնարկություններին աջակցելու համար»։

Բանակցությունները դադարեցնելու մասին ՌԴ որոշումը մեկնաբանել է նաև Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն Տոկիոյում կայացած ասուլիսին։ «Ներկայիս իրավիճակն ամբողջությամբ թելադրված է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմամբ, և մենք ոչ իրավաչափ ենք համարում այն, որ Մոսկվան կատարվածի համար պատասխանատվությունը գցում է ռուս-ճապոնական հարաբերությունների վրա»,- ասել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան դադարեցնում է Տոկիոյի հետ բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ՝ հաշվի առնելով «միակողմանի սահմանափակումները, որոնք ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանել է Ճապոնիան»։

Ճապոնիայի պնդմամբ՝ Խորհրդային Միությունն «ապօրինաբար գրավել է» ճապոնական չորս կղզի՝ Կունաշիրը, Իտիրուպը, Շիկոտանն ու Հաբոմային, Երկրորդ աշխարհամարտում Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո։

Այս չորս կղզիները Ճապոնիան անվանում է Հյուսիսային տարածքներ, Ռուսաստանը՝ Հարավային Կուրիլներ։

2018թ.-ին Ճապոնիայի այն ժամանակվա վարչապետ Սինձո Աբեի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպման ժամանակ կողմերը հաստատել են, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են վարելու 1956թ.-ի համատեղ հռչակագրի հիման վրա, որում ասվում է, որ Շիկոտան կղզին և Համոբայի կղզախումբը Ճապոնիային են փոխանցվելու խաղաղության պայմանագրի կնքումից հետո։

Սակայն 2020թ.-ի հուլիսին ՌԴ սահմանադրությունում փոփոխություններ են արվել, որոնք Մոսկվային արգելում են որևէ երկրի փոխանցել իր տարածքների մի մասը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել