Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններ են անցկացվում |armenpress.am|
14:50 - 26 սեպտեմբերի, 2021

Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններ են անցկացվում |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայում սկսվել են Բունդեսթագի ընտրությունները։ Կիրակի օրը տեղական ժամանակով ժամը 08:00-ին ամբողջ երկրում բացվել են ընտրատեղամասերը: Դաշնային վիճակագրական գերատեսչության տվյալներով ՝ ձայնի իրավունք ունեն երկրի մոտավորապես 60,4 մլն բնակիչներ, հենց նրանք կորոշեն խորհրդարանի ապագա կազմը: Ընտրություններից հետո Բունդեսթագում մանդատների բաշխման հիման վրա կձևավորվի նոր կառավարություն՝ նոր կանցլերի գլխավորությամբ:

Երկրում օգտագործվում է խառը ընտրական համակարգ, որը համատեղում է մեծամասնական և համամասնական սկզբունքները: Պատգամավորների կեսն ընտրվում է 299 ընտրատարածքներում ուղղակի քվեարկության միջոցով, մյուսը՝ կուսակցական ցուցակներով։ Յուրաքանչյուր ընտրող ունի երկու ձայն։ Առաջին ձայնը տրվում է թեկնածուին (ուղղակի մանդատին), երկրորդը՝ կուսակցական ցուցակին։ Բունդեսթագում կուսակցությունների մանդատների թիվը պետք է արտացոլի կուսակցական ցուցակներով քվեարկության արդյունքները։

Ներկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում են Գերմանիայի վերամիավորման պահից ի վեր ամենամեծ թվով կուսակցություններ: Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իրենց թեկնածուներին առաջադրել են 47 քաղաքական միավորումներ։ Խորհրդարան մտնելու իրական շանսեր, սակայն, ունեն միայն ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը, սոցիալ-դեմոկրատները, «Կանաչները», Ազատ դեմոկրատական կուսակցությունը, «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը և Ձախ կուսակցությունը: Բունդեսթագում տեղերի համար կպայքարի ռեկորդային թվով թեկնածու՝ 6 211, այդ թվում ՝ 2 024 կին:

Առավել մանրամասն՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել