Կայացավ ՀՖՖ հերթական ժողովը. ընդունվեց ՀՖՖ նոր կանոնադրությունը
21:22 - 28 հունիսի, 2021

Կայացավ ՀՖՖ հերթական ժողովը. ընդունվեց ՀՖՖ նոր կանոնադրությունը

Հունիսի 28-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ 21-րդ հերթական ժողովը։ Օրակարգում ընդգրկված էր 11 հարց։ Օրակարգի հաստատումից հետո ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը իր ուղերձում անդրադարձավ հայկական ֆուտբոլի և Հայաստանի ազգային հավաքականի հաջողություններին, որին հետևեց ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների և հաշվիչ հանձնաժողովի ընտրությունը։ 

«Բի-Դի-Օ Արմենիա» աուդիտորական ընկերության տնօրեն Վահագն Սահակյանը ներկայացրեց «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի համախմբված ֆինանսական հաշվետվությունը։ Այնուհետև ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ներկայացրեց առանձին ՀՖՖ-ի համար նախորդ ֆինանսական տարվա (2020 թ․) ֆինանսական հաշվետվությունը։

 

Ժողովի անդամները հաստատեցին ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաև կողմ քվեարկեցին ՀՖՖ Անկախ աուդիտորի (աուդիտորական ընկերության) նշանակմանը։

Ժողովի կարևոր արդյունքներից մեկն այն էր, որ հաստատվեց ՀՖՖ նոր խմբագրությամբ Կանոնադրությունը, ինչպես նաև ժողովի աշխատակարգը։ 2020թ.-ի տարեվերջին կայացած ժողովի ընթացքում անդամներից մի քանիսը դեմ էին քվեարկել նոր կանոնադրության հաստատմանը, ինչի պատճառով հարցը հետաձգվել էր: Նշենք, որ ըստ ՀՖՖ ղեկավարության՝ նոր կանոնադրությունը լիարժեք համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի պահանջներին, մշակվել է նրանց հետ միասին, ինչը հաստատեց նաև ժողովին ներկա գտնվող ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը, ինչպես նաև սահմանափակում է ՀՖՖ նախագահի լիազորությունները և ավելի մեծացնում գործկոմի դերը որոշումների ընդունման մեջ: Նոր կանոնադրությամբ, մասնավորապես, ՀՖՖ նախագահը կարող է ընտրվել միայն երկու անգամ անընդմեջ նախկին երեքի փոխարեն:

Օրակարգի վերջին հարցով ՀՖՖ հերթական ժողովի պատվիրակները կողմ քվեարկեցին Արագած ՖԱ ՀԿ-ի, Տորպեդո ՖԱ ՍՊԸ-ի, Լոկոմոտիվ ՖԱ ՀԿ-ի, ԴՖԱ ՓԲԸ-ի, Էրեբունի-Դիլիջան մարզական ակումբ ՀԿ-ի, Հայկական ֆուտբոլի և վետերանների և պատանի ֆուտբոլիստների համար համերաշխություն ՀԿ-ի, Սևան ՖԱ ՍՊԸ-ի, Էրեբունի սպորտային ակումբ ՀԿ-ի և Դովեղ ՖԱ ՀԿ-ի՝ ՀՖՖ անդամության կասեցումը ուժի մեջ թողնելու որոշմանը։ Այդ անդմաներից մի քանիսի կասեցման պատճառ է հանդիսացել պայմանավորված խաղերում ներգրավվածությունը, մյուսներին՝ ՀՖՖ կանոնադրության որոշ կետերի խախտումը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ժողովի վերջում հույս հայտնեց, որ ապագայում այդ անդամներից մի քանիսը թերությունները շտկելու դեպքում կարող են վերականգնել իրենց անդամությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել