Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ, տեղեկացրել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը:
Կողմերը քննարկել են իրավիճակը Սյունիքում, այդ թվում՝ սահմանամերձ շրջաններում: Դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է. «Ռուսաստանն իր դաշնակցային պարտավորությունների կատարման շրջանակներում զգալի ներդրում է կատարում եղբայրական Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Մասնավորապես, ավելացել է Ռուսաստանի սահմանապահ զորքերի թիվը, նրանց գործունեությունն ապահովելու համար հատկացվել են զգալի նյութական, տեխնիկական և ֆինանսական միջոցներ»:
Մարզպետը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը և նրա ղեկավարությանը՝ 2020-ի աշնանը արյունահեղությունը դադարեցնելու և հակամարտությունից հետո վերականգնմանն ուղղված անգնահատելի ներդրման համար: Պողոսյանը բարձր է գնահատել տարածաշրջանում ռուս սահմանապահների ծառայությունը:
Զրույցի ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև համագործակցության ներկա վիճակն ու ընդլայնումը, ինչպես նաև Սյունիքի սոցիալական ու տնտեսական զարգացման արդի խնդիրները: Դեսպանը հավաստիացրել է, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել տարածաշրջանի տնտեսական ներուժին, ներառյալ՝ զբոսաշրջության ոլորտում:
Այս համատեքստում Կոպիրկինը նշել է, որ տեսանելի է ռուսական կապիտալի ներկայությունը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից այն ծրագրերի ֆինանսավորումը, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի կառույցների միջոցով և ուղղված են բնակչության տարբեր խմբերի ու տնտեսության ճյուղերի աջակցմանը:
Դեսպանը նաև շնորհավորել է մարզպետին «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի կապակցությամբ, որի ընթացքում, ինչպես սպասվում է, Կապանում տեղի կունենան մի շարք խոշոր միջոցառումներ:
comment.count (0)