Նոր իրարանցում արցախյան խնդրի շուրջ |acnis.am|
06:21 - 24 ապրիլի, 2019

Նոր իրարանցում արցախյան խնդրի շուրջ |acnis.am|

acnis.am։ Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներն ամփոփելիս հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահները քննարկման են ընդունել իր առաջարկած օրակարգը, եւ որ նա իր հարցերի պատասխանները չի ստացել ո՛չ համանախագահներից, ո՛չ էլ Ադրբեջանից՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտության շուրջ նկատելի իրարանցում սկսվեց:

Դժվար չէր կանխատեսել, որ Բաքուն կփորձի բանակցային գործընթացը տեղափոխել Մոսկվայի հովանավորության ներքո: Չի մոռացվել, թե ինչպես 2016թ. Վիեննայի հանդիպումից հետո՝ հայտնվելով զորքերի շփման գծում վերահսկողության սարքեր տեղադրելու՝ իր համար անընդունելի առաջարկների դեմհանդիման, Ադրբեջանը համառորեն ձգտում էր Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ հասնելու երկու երկրների նախագահների նոր հանդիպման: Հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած հենց այդ հանդիպման ժամանակ էր, որ զրոյացվեց Վիեննայի համաձայնագրերի հրատապությունը:

Հայաստանի ղեկավարությունը դադարել էր պնդել այդ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտության մասին, ինչը տարակուսանք էր առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանյան դիտորդների շրջանում: Ադրբեջանն այդ ժամանակ հասավ իր նպատակին:

Այժմ հայտնվելով նմանատիպ իրավիճակում, Ադրբեջանը կրկին հույսերը կապել է Ռուսաստանի հետ: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի խոսքով՝ «Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի կրկնակի-եռակի ավելացման դեպքում կարելի է առաջընթաց ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: Ռուսաստանը, որ բավական երկար ժամանակ հեռավորություն էր պահպանում կարգավորման դիվանագիտության մեջ ակտիվ միջամտությունից, բնականաբար, պետք է օգտվեր այս հանգամանքից:

Արտգործնախարարների հանդիպումը կազմակերպվեց շատ արագ: Սակայն՝ դատելով հանդիպումից հետո ադրբեջանցի նախարարի արած հայտարարություններից, այս անգամ չհաջողվեց խուսափել հայկական օրակարգից: Նույն տպավորությունն են թողնում նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի՝ որեւէ կոնկրետություն չպարունակող եւ միայն Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների նախորդ հայտարարություններին հղում կատարող հաղորդումները: Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե Լավրովն ակնարկում է, որ հարցականի տակ են դրված կարգավորման հիմնարար սկզբունքները (ինչո՞ւ անհրաժեշտ եղավ հիշեցնել, որ այդ սկզբունքները մնում են ուժի մեջ եւ քննարկվել են):

Բայց սրանով ամեն ինչ չի ավարտվում: Այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման դիվանագիտությունը ծանր օրեր է ապրում, տեսանելի է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումն ԱՄՆ-ում անցկացնելու՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի առաջարկից: Այս մասին Վարշավայում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Կան խոսակցություններ, որ նման հանդիպում կարող է լինել նաեւ Փարիզում:

Թե ինչու Մինսկի խմբի համանախագահ երկրները նմանօրինակ «անջատողական» ակտիվության կարիք ունեցան՝ առայժմ այնքան էլ հասկանալի չէ: Բայց մի բան պարզ է. հակամարտության կողմերի հետ հանդիպումների ժամանակ համանախագահները չեն կարողանում պատասխանել հայկական կողմի հարցերին, մասնավորապես՝ այն հարցին, թե ինչու 1994թ. Բուդապեշտի գագաթաժողովի որոշումների խախտմամբ Լեռնային Ղարաբաղը դուրս բերվեց բանակցություններից:

Պատասխան ստանալ չի հաջողվում նաեւ Ադրբեջանից, թե որն է Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացին վերադարձնելու նրա չկամության պատճառը: Իսկ առանց այդպիսի պատասխանների, հնարավոր չէ վերսկսել բանակցային գործընթացը. Հայաստանը պնդում է ստանալ այդ պատասխանները:

Ադրբեջանում նույնպես լավ են հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացին վերադարձնելու Հայաստանի պահանջը, ինչպես նաեւ նման որոշում կայացնելուց Ադրբեջանի հրաժարվելը անհնար են դարձնում տարածքային հարցերի քննարկումը: Այդ մասին, մասնավորապես, հայտարարել է ղարաբաղյան հիմնախնդրի գիտակներից մեկը՝ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը՝ նշելով, որ բանակցություններն անիմաստ են դառնում Ադրբեջանի համար:

Այնպես որ, քննարկելու բան կա բանակցությունների տարբեր մակարդակներում եւ տարբեր հովանավորությունների ներքո: Պարզապես ինչ-որ մոտեցումներ ստիպված պետք է փոխվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել