Կազմալուծվել է 2 հետազոտական խումբ, սակայն նրանք, ովքեր այնտեղ աշխատել են, աշխատանքից չեն ազատվել,․ Մատենադարանի տնօրեն |armenpress.am|
13:46 - 11 ապրիլի, 2019

Կազմալուծվել է 2 հետազոտական խումբ, սակայն նրանք, ովքեր այնտեղ աշխատել են, աշխատանքից չեն ազատվել,․ Մատենադարանի տնօրեն |armenpress.am|

Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կազմալուծված միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբից հանվել է երկու պաշտոն, սակայն մարդիկ չեն կրճատվել: 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն՝ անդրադառնալով իր հասցեին հնչած մեղադրանքներին:
Ապրիլի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի գիտական ղեկավար, պրոֆեսոր, բանասիրական և պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանն իր ղեկավարած գիտահետազոտական խմբի կազմալուծումը համարել էր անձնական հաշվեհարդար:

«Ցանկության դեպքում ես կարող է ավելի շուտ վրեժխնդիր լինել, բայց չեմ արել նման բան և չեմ էլ անի: Շատ հարցերում եմ նրան աջակցել ու ընդառաջել, օրինակ՝ անցյալ տարեվերջին ավարտվում էր նրա գիտաշխատանքի վերջնաժամկետը, խնդրեց մի տարով երկարաձգել, կարող էի պայմանագիրը չներկայացնել, և ընդհանրապես ազատել, բայց ես դա չեմ արել, երկարացրել եմ ժամկետը, ասել, որ ավարտի իր պլանային գիտական թեման: Բացի այդ, անցյալ տարվա ցուցանիշներով նա սովորականից շատ թվով բացակայություններ է ունեցել:

Անգամ մեկ անհարգելի բացակայությունը թույլ է տալիս ազատել կամ առնվազն նկատողություն անել, բայց չեմ արել: Երրորդ՝ մեկուկես տարի առաջ գիրք գրեց՝ մենագրություն: Ես ինքս դիմել եմ բարերարի՝ համապատասխան միջոցներ գտնելու, նույնիսկ կրկնակի եմ դիմել եմ, որ բյուջեն ավելին լինի: Այս երեք փաստը նշում եմ, որ հասկանալի լինի՝ այդ անձի հանդեպ վրեժխնդրություն չեմ արել ու չեմ էլ անի, սա կազմակերպչական անհրաժեշտություն է»,- նշեց Տեր-Ղևոնդյանը:

«Կազմալուծվել է 2 հետազոտական խումբ, սակայն այն անձինք, որոնք այնտեղ աշխատել են, աշխատանքից չեն ազատվել, գիտական թեման կամ ընդունված ծրագիրը չի ընդհատվել, ֆինանսապես էլ չեն տուժել»,- շեշտեց Մատենադարանի տնօրենը:

Արծրունի Սահակյանի խմբին անդրադառնալով՝  նա նշեց, որ այնտեղ կա մասնագետ, ով զբաղվում է ժողովրդական բժշկության ոլորտով, բայց որևէ այլ մեկն այդ ոլորտը չի ուսումնասիրում:

Դրա փոխարեն՝ կողքին կան տասնամյակներով միջնադարյան բժշկագիտության և պատմագիտության բաժիններ, որտեղ լավագույն մասնագետներ են: «Հիմա այդ մարդն իր գործը պետք է քննարկի, ո՞ւմ հետ քննարկի՝ մարդ չկա, որ հասկանում է: Այս խմբերի կազմալուծումը, գնալն այլ բաժիններ պայմանավորված է միայն ու միայն գիտական նպատակահարմարությամբ»,-ասաց Մատենադարանի տնօրենը և հավելեց, որ երկու պաշտոն է վերացրել միայն, բայց մարդիկ չեն կրճատվել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել