Մատենադարանը լուծարված բաժնի որոշ աշխատակիցների հետ կհամագործակցի քաղիրավական պայմանագրերի տրամաբանությամբ
 |armenpress.am|
11:52 - 18 հունվարի, 2024

Մատենադարանը լուծարված բաժնի որոշ աշխատակիցների հետ կհամագործակցի քաղիրավական պայմանագրերի տրամաբանությամբ |armenpress.am|

armenpress.am: Մատենադարանի  առավել արդյունավետ կառավարման նպատակով հոգաբարձուների խորհրդի  որոշմամբ իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ: Փոփոխությունների արդյունքում կառուցվածքից հանվել է ձեռագրերի կրկնօրինակման բաժինը՝ այն նկատառումով, որ Մատենադարանի թանգարանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ անվտանգային պայմանները ձեռագրերի բնօրինակները ցուցադրելու համար․ շուրջ երկու տասնյակից ավելի հսկիչներ, շուրջօրյա տեսահսկում, օրվա ընթացքում մի քանի անգամ ջերմախոնավային պայմանակարգերի ստուգում, լուսաչափում և այլն։

Այս մասին հայտնում են Մատենադարանից և նշում, որ կառույցի տնօրենությունը կողմնորոշվում է ՀՀ քաղաքացիների և հյուրերի հանդեպ ազնիվ լինելու սկզբունքով և հրամայականով՝ այն գիտակցմամբ, որ հանրային արժեքները պատկանում են հանրությանը, և որևէ մեկը լիազորված չէ հանրությունից ծածուկ պահելու ազգային արժեքները:

«Տարբեր նախագծերի շուրջ բաժնի որոշ աշխատակիցների հետ ներկայում համագործակցությունը շարունակվում է քաղիրավական պայմանագրերի տրամաբանությամբ, և նախատեսվում են համագործակցության նոր հեռանկարներ։ Բոլոր փոփոխություններն իրականացվել են տնօրենին վերապահված լիազորությունների շրջանակում և օրենքի տառին համապատասխան»,-ասվում է հաղորդագրության տեքստում և ընդգծվում՝ Մատենադարանի տնօրենությունը, գիտակցելով իր առջև դրված պատասխանատվությունը ոչ միայն աշխատակիցների, այլև՝ համայն հայության հանդեպ, շարունակում է անշեղորեն իրականացնել իր առաքելությունը՝ խուսափելով պատահական, չհիմնավորված, անձնական որակումներ և քաղաքական ակնհայտ միտում ունեցող խոսույթի մեջ ներգրավվելու գայթակղությունից։

Շեշտվում է, որ խնդիրները, որոնք սահմանված են տնօրենի զարգացման ծրագրով և Մատենադարանի կանոնադրությամբ, թույլ չեն տալիս ներգրավվել ոչ պրոֆեսիոնալ և մտավոր դասին անհարիր քննարկումների մեջ:

«Մատենադարանում իշխում է գործընկերային համերաշխության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման մթնոլորտ։ Այս ամենի կարևորության մասին Մատենադարանի տնօրենը խոսել է ինչպես ընտրվելուց առաջ, այնպես էլ հետո, և շարունակում է հետևողականորեն իրականացնել իր պաշտոնական գործառույթները»,-նշվում  է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Մատենադարանում իրականանում են աննախադեպ ձեռագրական համալրումներ և դրանք լինելու են շարունակական, նյութատեխնիկական բազայի և գիտական գործունեության իրականացման պայմանների արդիականացման աննախադեպ ֆինանսական ներգրավումներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել