Համաներումը չի տարածվելու պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչից խուսափածների նկատմամբ. Ռուստամ Բադասյան
11:30 - 06 մայիսի, 2021

Համաներումը չի տարածվելու պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչից խուսափածների նկատմամբ. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:

​«Ականջալուր լինելով մեր բազմաթիվ քաղաքացիների խնդրանքին՝ ընդլայնել ենք համաներման ակտի կիրառման շրջանակները, որի արդյունքում համաներումը տարածվելու է՝

  • օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և

 

  • Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ (նույն հոդվածի 3-րդ մասի նկատմամբ համաներումը կիրառվում է միայն այն դեպքում, երբ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարվել է ռազմական դրության ժամանակ):

​Այս համաներման շահառուներին հնարավորություն է տրվելու մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին ներկայանալ քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։

Մեր հայրենակիցների համար կցանկանայի շեշտադրել այն, որ համաներում հայտարարելու նախաձեռնությամբ՝

 

  • մենք նպատակ ենք ունեցել հնարավորություն ընձեռել համաներման շահառուներին ՀՀ տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու,

 

  •  հիմքում ունեցել ենք հետպատերազմյա հետևանքները հնարավորինս մեղմելու և դրանով իսկ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացումն ապահովելու տեսլականը և

 

  •  առաջանորդվել ենք մարդասիրության և համերաշխության սկզբունքներով:

Ուշադրություն։ Համաներումը ՉԻ՛ տարածվելու պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչից խուսափածների նկատմամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Բադասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել