Մարուքյանը ներկայացրեց, թե Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցում ինչ թերություն է նկատել |armenpress.am|
15:54 - 05 մայիսի, 2021

Մարուքյանը ներկայացրեց, թե Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցում ինչ թերություն է նկատել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցում նկատել է որոշակի թերություններ: Մարուքյանն այդ մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ փակ ռեժիմով քննարկումից հետո:

Ըստ ԼՀԿ ղեկավարի՝ Ապրիլյան պատերազմի խորքային պատճառները, գոնե այն մարդկանց շրջանակներում, որոնք ունեն գաղտնիության մատչելիություն, ի սկզբանե պարզ են եղել:

«Հանձնաժողովը բավականին աշխատանք է կատարել: Չեմ կարող ասել, թե զեկույցից գոհ եմ: Զեկույցն ունի որոշակի թերություններ, դրա մասին ես խոսեցի փակ ռեժիմով: Եթե այսօրվա ԳՇ պետն (Արտակ Դավթյանը- խմբ.) այդ մեղավորներից է, իսկ նա, ըստ զեկույցի, նաև ըստ Անդրանիկ Քոչարյանի նախկին հարցազրույցների, մեղավորներից է, չպետք է հիմա լիներ ԳՇ պետ: Դա ինձ համար ցուցիչ է, որ եթե այդպես է, ուրեմն մենք այդ իմաստով չունենք անկողմնակալ քննություն»,-ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, որ Արտակ Դավթյանի մեղավորության մասով ինքը հղում է անում հրապարակային տեղեկատվությանը, այսինքն՝ Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցներին, ոչ թե զեկույցին: 2020թ. նոյեմբերի 16-ին Անդրանիկ Քոչարյանը նշել էր, թե Արտակ Դավթյանը, իր կարծիքով, շատ վատ դերակատարություն է ունեցել 2016-ի պատերազմական գործողությունների ժամանակ՝ որպես օպերատիվ վարչության պետ:

Զեկույցը գաղտնի է, Մարուքյանը խոստացավ մեկնաբանել այն հատվածները, որոնք կհրապարակվեն: Նա վստահ է, որ ինչ-որ հատվածներ կարող են գաղտնազերծվել: ԼՀԿ-ն լոբբինգ է անում, որ բացեն, գաղտնազերծեն զեկույցը:

«Ուզում ենք, որ դա հանրության հարստությունը դառնա, հանրությունն իմանա, թե ինչ է եղել և ովքեր են մեղավոր, և նաև տեսնի՝ արդյոք այդ մեղավորները պատժվել են, թե ոչ, նաև տեսնի՝ այդ մեղավորներից նրանք, որոնք իշխանության դեմ են, ինչ-որ քրեական գործերով անցնո՞ւմ են և նրանք, որոնք իշխանության հետ են, ինչ-որ քրեական գործերով չե՞ն անցնում»,-նշեց Մարուքյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել