Վերջին 3 տարում ՀՀ կառավարությունը մերժել ու բացառել է ներդրողների և բիզնեսի հարցում որևէ խտրականություն. Ավինյան
19:54 - 26 ապրիլի, 2021

Վերջին 3 տարում ՀՀ կառավարությունը մերժել ու բացառել է ներդրողների և բիզնեսի հարցում որևէ խտրականություն. Ավինյան

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ապրիլի 26-ին մասնակցել է «Էնթրփրայզ Արմենիա» հիմնադրամի նախաձեռնած «Ներդրումների ներգրավում, սպասարկում և աջակցություն. արդյունքներ և տեսլական» խորագրով միջոցառմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել ողջույնի խոսքով` շնորհավորելով «Էնթրփրայզ Արմենիային» ռեբրենդինգի կապակցությամբ: Տիգրան Ավինյանը նշել է, որ 2020թ. ՀՀ-ի համար բարդ տարի է եղել, և «Էնթրփրայզ Արմենիա» հիմնադրամի դերակատարումը՝ որպես ներդրումների խթանման և աջակցման ազգային կառույցի, պիտի նպաստի այդ հետևանքների չեզոքացմանը: Նա հավելել է, որ վերջին 3 տարիներին ՀՀ կառավարությունը հստակորեն մերժել ու բացառել է ներդրողների և բիզնեսի հարցում որևէ խտրականություն՝ հավասար պայմաններ ապահովելով բոլորի համար:

«Փոխվարչապետի պաշտոնակատարի դիտարկմամբ՝ ՀՀ կառավարությունը հանրային կառավարման բարեփոխումներով էականորեն փոփոխելու է գործող բազում ընթացակարգեր, որոնք բարդացնում են բիզնեսի կյանքը: Ներդրումային միջավայրի բարելավմանը պետք է նպաստի նաև թվայնացման օրակարգը: Տնտեսական դիվանագիտության ակտիվացումը համարելով առաջնահերթություն՝ նա «Էնթրփրայզ Արմենիային» առանցքային դեր է վերապահել, որը պետք է իրականություն դարձնի քաղաքական մակարդակում ձեռք բերվող պայմանավորվածությունները: Տիգրան Ավինյանը նկատել է, որ թեև «Էնթրփրայզ Արմենիան» չի կանխորոշում Հայաստանի ներդրումային միջավայրը, սակայն նրա գործունեությունից է կախված ներդրումի շարունակականությունը, ըստ այդմ՝ «Էնթրփրայզ Արմենիայի» կողմից ներդրող-պետական հատված արդյունավետ հաղորդակցության ապահովումը էական պայման է օտարերկրյա ներդրումների հաջողության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ միջոցառման ընթացքում հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը ներկայացրել է «Էնթրփրայզ Արմենիա» հիմնադրամի կառույցն ու առաքելությունը: Իր խոսքում նա անդրադարձել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններին և նպատակներին: Հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը ներկաներին ծանոթացրել է ներդրումների աջակցման ուղղությամբ իրականացված աշխատանքներին և արդյունքներին՝ ներկայացնելով հիմնադրամի միջազգային դոնոր կազմակերպությունների և նոր ներդրողների ներգրավվելու ուղղությամբ իրականացրած աշխատանքները:

Միջոցառման ժամանակ ներկայացվել է հիմնադրամի կողմից ներմուծված նոր՝ ներդրողների հետներդրումային սպասարկման ծառայությունը: Հիմնադրամի աշխատանքներն արդյունավետ դարձնելու և նոր ուղղությունների զարգացման համատեքստում քննարկվել է արտերկրում ինստիտուցիոնալ զարգացման ու հիմնադրամի ներկայացուցիչների ցանցի ներդրումը՝ որպես ներդրումների ներգրավման լրացուցիչ գործիքակազմ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել