civilnet.am: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի շրջանակում, որը զբաղվում է տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով, հայկական կողմը առաջ է քաշել Իջևանի երկաթգծի հարցը։ Այս մասին հայտնել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Խորհրդային տարիներին գործում էր Իջան-Բաքու երկաթգիծը, որից մեծամասամբ օգտվում էին Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի, ինչպես նաև Աղստաֆայի շրջանների բնակիչները։ 1971-ին բացված Իջևան-Աղստաֆա երկաթգիծն էլ մեծապես ծառայում էր արդյունաբերական բեռների փոխադրման համար։

Մհեր Գրիգորյանի գրասենյակից նաև հայտնել են, որ երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը մինչ օրս քննարկել է 2020-ի նոյեմբերի 9-ի (10-ի) եռակողմ հայտարարության 9-րդ կետից, ինչպես նաև 2020-ի հունվարի 11-ի հայտարարության 2-4-րդ կետերից բխող հարցեր։ 

«Ստեղծվել են փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով»,- նշել են փոխվարչապետի գրասենյակից՝ հավելելով, որ տարածաշրջանում առկա տրասնոպրտային կապերի ապաշրջափակման համատեքստում քննարկվել են միջազգային փոխադրումների հետ կապված անվտանգության, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության կազմակերպման հարցեր։

Տեղեկացվում է նաև, որ «այս պահին արձանագրվել է լրացուցիչ փորձագիտական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն», և որոշվել է, որ աշխատանքները պետք է շարունակել։

Շարունակությունը՝ civilnet.am-ում