ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է, որնամրապնդված է մի քանի տասնյակ ռազմական, ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով և փոխադարձ դաշնակցային պարտավորություններով։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս առումով ՀՀ անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը։ Այս երկու համակարգերի ձևավորած պայմանագրերի տրամաբանությամբ հարձակումը ՀՀ վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա, և երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերներին»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը հայտնեց նաև, որ մեկնարկել է ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթացը, որը նախ կներառի կառուցվածքային, ապա նաև բովանդակային բարեփոխումներ։

«Ռազմավարական հեռանկարում պատկերացնում ենք, որ լրջորեն պետք է քննարկենք ՀՀ անցումը պրոֆեսիոնալ բանակի, և ժամկետային կամ զորահավաքային զինծառայության կառուցվածքը պետք է մենք կարողանանք փոփոխել։ Բացի դա՝ մենք հույս ունենք և քննարկում ենք ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հարստացնելու հարցը, ինչպես նաև կան քննարկումներ՝  Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ։ Նաև Սյունիքի մարզի մի շարք հատվածներում ՀՀ պետական սահմանի պահպանությանը մասկանցում են նաև ռուս սահմանապահները։ 

Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ ՀՀ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որ իրականացնում է ՀՀ Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստականության, մարտունակության բարձրացման հարցերով։ Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել ՊԲ-ն՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ»,- ասաց Փաշինյանը։