Արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ կա կոնսենսուսի հասնելու հնարավորություն. Մարուքյան |1lurer.am|
13:01 - 15 մարտի, 2021

Արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ կա կոնսենսուսի հասնելու հնարավորություն. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ կա կոնսենսուսի հասնելու հնարավորություն: «Բայց կոնսենսուս դեռ չեմ կարող ասել, որ կա, որովհետև ես չեմ ուզենա, որ մենք նաև արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մոտեցումները որևէ ձևով քննարկման առարկա չդարձնենք: Այսինքն՝ հնարավորություն կա, որ խորհրդարանական ուժերի մեջ կոնսենսուս լինի, բայց կոնսենսուսը պետք է նաև դրսում փնտրել: Ամեն դեպքում հիմա մենք ամեն ջանք գործադրում ենք, որ այդ կոնսենսուսը լինի»,- լրագրողների հետ զրույցում նշեց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ իշխանություններն ունեն արտահերթ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք:

Ըստ Մարուքյանի՝ ճիշտ կլինի, եթե արտահերթ ընտրություններն ավարտված լինեն մինչև հունիսի 1-ը: «Դա նշանակում է, որ առաջիկա 10 օրվա մեջ մեկնարկի խորհրդարանի լուծարման գործընթացը,- ասաց նա՝ հավելելով. «Այս պահին ունենք համախոհություն, որ չպետք է որևէ ձևով խոչընդոտել խորհրդարանի լուծարմանը: Եթե հիմա խորհրդարանը լուծարում ենք՝ այս վիճակից դուրս գալու համար, սիրով կգնանք այդ պրոցեսին»:

Մարուքյանը մեկնաբանեց նաև, թե ինչու է կարևորում արտահերթ ընտրությունների վերաբերյալ ժամկետներ նշելը: «Ճգնաժամն այնքան խորն է, որ պետք է արագ հանգուցալուծում տալ, իսկ  ընտրություններն անցկացնելու ամենաարագ ժամկետը մայիսն է, մինչև հունիս»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել