tert.am: Կարծում եմ, որ ողջամիտ է, որ այն ուժերը, որոնք ցանկանում են, որ երկրում այս իրավիճակը հանգուցալուծվի, այլ ոչ թե իրավիճակը ծառայեցնեն իրենց շահերին, պետք է պատրաստակամ լինեն ընդունելու այդպիսի հրավերներ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ նախագահը վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին մարտի 13-ին ժամը 12:00-ին հրավիրում է հանդիպման նախագահական նստավայրում և որքանով է դա իրատեսական:

Նրա խոսքով, իրենց խմբակցությունը բազմիցս ներկայացրել է օրակարգը, որն արտահերթ ընտրություններն են: «Դա նաև հանրապետության նախագահի օրակարգն է, դա արդեն նաև բանակի օրակարգն է: Սա դարձել է հանրապետության թիվ մեկ օրակարգը: Քաղաքական կամքն է խանգարում, որպեսզի գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Նախ՝ իշխանության քաղաքական կամքը, քանի որ մենք արդեն հասկացանք, որ իշխանությունն իրականում զբաղեցնում է հրապարակներ, մարդկանց խաբելով, որ ինքը կարող է գնալ այդ քայլին և անել արտահերթ ընտրություններ, եթե խորհրդարանական ընդդիմությունն առաջ գա»,- ասաց նա։

Անի Սամսոնյանն ասաց, որ իրենք առաջ են եկել, անգամ ասել են, թե որ դեպքում կարող են դա անել, բայց եթե իշխանությունն այդ կամքն ունենար, ապա մենք կլինեինք մի իրավիճակում, երբ վարչապետն արդեն հրաժարական տված կլիներ: «Բայց մենք տեսնում ենք, որ այդ քայլը չի արվում և փորձ է արվում ընդամենը մարդկանց խաբել, թե իշխանությունն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների»,- ասաց Սամսոնյանը:

Առավել մանրամասն՝ tert.am-ում։