Հուշագիր այլևս չի լինելու. Էդմոն Մարուքյան |1lurer.am|
15:26 - 10 մարտի, 2021

Հուշագիր այլևս չի լինելու. Էդմոն Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Հանրապետության նախագահը դիմել է ՍԴ՝ վիճարկելու Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի համար հիմք ծառայած օրենքի դրույթները, և հիմա գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ եթե օրենքը հակասահմանադրական ճանաչվի, հակասահմանադրական է ճանաչվում նաև հրամանագիրը: 

Անդրադառնալով ԼՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ առաջարկին՝ Մարուքյանը նշեց, որ այն թողնվել է անպատասխան և արդեն ժամանակավրեպ է:

Նրա խոսքով՝ հուշագիր այլևս չի լինելու, իսկ նոր հնարավոր առաջարկի վերաբերյալ կհայտարարվի կուսակցության կառավարման խորհրդում քննարկվելուց հետո միայն:

«Այն, որ արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգը լինելու է առաջնային մեր երկրում, քննարկման առարկա չէ, և հետաքրքիր է, թե այն մարդիկ, որոնք պաշտպանում էին Օնիկ Գասպարյանին, բայց դեմ էին արտահերթ ընտրություններին, հիմա ինչ են ասելու: Ով դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, դեմ է նաև Զինված ուժերին»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ եթե չլինեն արտահերթ ընտրություններ, երկիրը մխրճվելու է խոր ճգնաժամի մեջ:    

Մարուքյանն ասաց, որ ԲՀԿ-ի հետ քննարկում չի եղել, բայց որևէ խոչընդոտ չկա ապագայում որևէ ուժի հետ կոնսուլտացիաներ իրականացնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: 

Հարցին՝ եթե վարչապետը հրաժարական տա, «Լուսավոր Հայաստանը» կառաջադրի՞ վարչապետի թեկնածու, խմբակցության ղեկավարն ասաց, որ դա կորոշի կուսակցության կառավարման խորհուրդը: 

Դեմիրճյան փողոցում հնչող ելույթների մասին Մարուքյանն ասաց, որ որոշ նախկին պատգամավորներ հատել են կարմիր գիծը: Նա հորդորեց դադարեցնել նման վարքագիծը: «Ոչ ոք չի խերվել մեզ հետ կամուրջներն այրելու գործում, թող ամեն մեկն իր չափը ճանաչի: Անձնական ամեն վիրավորանք անպատասխան չի մնա, դրանք հետևանքներ կունենան»,- նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել