«Ռոստեխ»-ն առաջին անգամ ցուցադրել է բարելավված «Պանցիր-Ս1Մ»-ը |armenpress.am|
16:04 - 21 փետրվարի, 2021

«Ռոստեխ»-ն առաջին անգամ ցուցադրել է բարելավված «Պանցիր-Ս1Մ»-ը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն առաջին անգամ IDEX-2021 զենքի միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է «Պանցիր-Ս1Մ» զենիթային հրթիռահրետանային համալիրը (ԶՀՀՀ), որը լրամշակվել է «Ռոստեխ»-ի մեջ մտնող «Վիսոկոտչնիե կոմպլեքսի» հոլդինգի ձեռնարկությունների կողմից, Սիրիայում ահաբեկիչների դեմ համալիրի մարտական կիրառման արդյունքում, հայտնել են պետական կորպորացիայի մամուլի ծառայությունում: Նոր ԶՀՀՀ-ով արդեն հետաքրքրվել են մի շարք երկրներ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արդիականացված «Պանցիր-ՍՄ»-ն ստացել է նոր ռադար, որն ապահովում է աերոդինամիկ թիրախների հայտնաբերման ավելի բարձր հեռահարություն՝ մինչեւ 75 կիլոմետր: Համալիրի խոցման հեռավորությունը մեծացվել է մինչև 40 կմ։  Նման զենիթահրթիռային համալիրները կիրառվում են Սիրիայում ռուսական Հմեյմիմ ավիաբազայի պապաշտպանության համար, եւ դրանք բազմիցս հաջողությամբ հետ են մղել գրոհայինների ինքնաշեն անօդաչուների գրոհները, որոնք իրենց փոքր չափերի եւ փոքր արագության պատճառով բարդ թիրախներ են խոցելու համար:

«Առաջին անգամ ցուցադրվեց «Պանցիր-Ս1Մ» զենիթային հրթիռահրետանային համալիրը։ Դա «Պանցիր»-ի արտահանման տարբերակն է, որը հաջողությամբ դրսեւորել է իրեն Սիրիայում», - նշել են պետկորպորացիայում։

Ինչպես ընդգծել են պետկորպորացիայում, «մի շարք օտարերկրյա պատվիրատուներ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել ԶՀՀՀ-ի նկատմամբ, սպասվում է, որ ցուցահանդեսի արդյունքներով դրանով շահագրգռվածությունն ավելի մեծ կլինի»:

Ինչպես ասել է «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, որի խոսքը մեջբերել են մամուլի ծառայությունում, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրները կարեւոր շուկաներ են, որտեղ ՌԴ-ն զրահատեխնիկա, ՀՕՊ միջոցներ եւ ռազմական տեխնիկայի այլ տեսակներ է մատակարարում: Ընդ որում, Չեմեզովը հավելել է, որ ««Ռոստեխ»-ը հեռանկարներ է տեսնում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նշանակության տարբեր արտադրանքների համատեղ մշակումների կազմակերպման եւ արտադրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել