Հայերենը ստորադասելու որևէ միտում չկա և, իհարկե, որևէ պարտադրանք չի եղել. Արամ Հարությունյանը՝ Արցախում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու նախագծի մասին |tert.am|
16:11 - 17 փետրվարի, 2021

Հայերենը ստորադասելու որևէ միտում չկա և, իհարկե, որևէ պարտադրանք չի եղել. Արամ Հարությունյանը՝ Արցախում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու նախագծի մասին |tert.am|

tert.am: Հայերենը ստորադասելու որևէ միտում չկա և նման որևէ նախադրյալ չկա: Այս մասին այսօր ասաց Արցախի ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը՝ խոսելով նախագծի մասին, որով Արցախի ԱԺ պատգամավորներն առաջարկում են ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ:

Նշենք, որ Արամ Հարությունյանը ևս այդ նախագծի համահիմնադիր է և այն հարցին, թե ինչպես է առաջ եկել այս նախագծով հանդես գալու գաղափարը, որն է շարժառիթը և արդյոք եղել է պարտադրանք, վերջինս պատասխանեց. «Իհարկե, պարտադրանք չի եղել: Բայց առաջին հերթին, հանրության մեջ հաճախ այնպիսի շփոթություններ են առաջանում պետական և պաշտոնական հասկացությունների միջև և, երբեմն, դա արվում է անգիտակցաբար, դա հասկանալի է, բայց երբեմն էլ քաղաքական գործիչներ են այդ երկու հասկացությունները շփոթում: Իրականում, պետք է սկզբից տարբերությունը դնել այս երկու հասկացությունների միջև»:

Հարությունյանը ներկայացրեց, որ պետական լեզուն Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված, պետության հոգատարության տակ գտնվող, Հանրապետության տարածքում բացարձակ գերակայություն ունեցող լեզուն է: «Մեր պետական լեզուն եղել է և մնում է հայերենը, նախագծում պետական լեզվի մասին որևէ խոսք չկա և պետական երկրորդ լեզու ունենալու համար պետք է հանրաքվե անցկացնել, որն իհարկե, հատկապես պատերազմից հետո նման մտքեր չէին կարող լինել, դրանից առաջ էլ չկար: Իսկ պաշտոնական լեզուն հասարակության գրական և գիտական պահանջներին ծառայող լեզուն է: Եվ եթե նախագիծն արժանանա պատգամավորների թվի մեծամասնության հավանությանը՝  պաշտոնական  լեզուները լինելու են հայերենն ու ռուսերենը»:

Հանձնաժողովի նախագահը մեկնաբանեց, որ այս օրենքի նախագիծն առաջ բերելը պայմանավորված է մի քանի նախադրյալով, օրինակ` այն, որ հենց Ռուսաստանում է արցախցիների ամենամեծ համայնքը, և այս որոշումը կարող է մեծ շարժառիթ դառնալ հայրենադարձություն կազմակերպելու համար: Վերջինիս խոսքով՝  նման քննարկումներ եղել են նաև մինչև պատերազմը:

«Եթե նրանք գան, ապա պետք է կրթությունը շարունակեն դպրոցում, քանի որ նրանց մեծ մասը լավ չի տիրապետում հայերենին և սկզբնական փուլում որոշակի խնդիրներ կարող են ունենալ պետական մարմինների հետ, բնականաբար, այս տարբերակը նրանց համար կստեղծի համապատասխան միջավայր, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան իրենց բնականոն կյանքը շարունակել: Մինչև պատերազմ էլ մենք որոշակի մեխանիզմներ էինք մտածում այս ուղղությամբ: Իհարկե, նաև հաշվի ենք առել ՀՀ, ԱՀ և ՌԴ հարաբերությունների պատմական հիշողությունը, այն հանգամանքը, որ մեր հանրության մեծամասնությունը տիրապետում է ռուսերենին և, իհարկե, վերջին փուլում հաշվի է առնվել եղած իրողությունը, ռուս խաղաղապահների ակայությունը»,- ասաց նա և կրկին շեշտեց, որ նախագիծն առաջ է բերվել ոչ թե մեկ հանգամանքով պայմանավորված, այլ կան բազմաթիվ կետեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել