armenpress.am:  ՀՀ սահմանամերձ համայքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում նախկինում ընդգրկված 38 համայնքներին ավելացել ենՍյունիքի և Գեղարքունիքի մարզերի ևս 39 համայնքներ: Սոցիալական աջակցությունից ընդհանուր առմամբ օգտվելու է շուրջ 77 հազար քաղաքացի: 63 հազար քաղաքացի բնակվում են մինչ այս ծրագրում ընդգրկված Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի 38 համայնքներում, իսկ 14 հազարը՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի ևս 39 համայնքում, որոնք նոր են ավելացել ցանկում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանընշեց, որ տարվա կտրվածքով սոցիալական աջակցության ծրագրերի համար կնախատեսվի մոտ 1 մլրդ դրամի չափով գումար: Կփոխհատուցվի նշված բնակավայրերում ապրող բնակիչների անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաև 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։ Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։

«Դրանից բացի, հանձնաժողովը կգնահատի հակառակորդի գործողությունների հետևանքով վնասված բնակելի տների վնասի չափը և կներկայացնի հատուցման: Ունենք աջակցության ևս մեկ հավելում, որը կապված է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերելու հետ: Քաղաքացին կստանա աջակցություն: Հաշմանդամության առաջին խմբի դեպքում կհատկացվի 3 մլն դրամ, երկրորդ խմբի դեպքում՝ 2 մլն դրամ, երրորդի դեպքում՝ 1 մլն դրամ: Երեխայի հաշմանդամության դեպքում գումարը կկազմի 3 մլն դրամ: Հակառակորդի կողմից զոհ ունենալու դեպքում պետությունը որպես աջակցություն ընտանիքին կտրամադրի 5 մլն դրամ»,- ասաց Դավիթ Խաչատրյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ աջակցության տեսակներն այս փուլում են ներկայացվել, սակայն խորքային ուսումնասիրություններ են կատարվելու, և չի բացառվում, որ նոր ծրագրեր ավելանան: Դրանից բացի շեշտը դրվելու է գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրերի վրա: