ԱՄՆ-ն ռազմանավեր է ուղարկում Սև ծով՝ որպես Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի նախազգուշացում Ռուսաստանին. The Times |tert.am|
15:09 - 02 փետրվարի, 2021

ԱՄՆ-ն ռազմանավեր է ուղարկում Սև ծով՝ որպես Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի նախազգուշացում Ռուսաստանին. The Times |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն ավելացրել է իր ներկայությունը Սև ծովում մի քանի օր անց այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել էր Մոսկվային տարածաշրջանում «Ռուսաստանի ագրեսիայի դեմ» «կոշտ է գործելու» մտադրության մասին, գրում է The Times պարբերականը:

Անցյալ շաբաթվա վերջին Սև ծով է մտել ամերիկյան «Պորտեր» էսկադրային ականակիրը: Այսպիսով, նա միացել է ամերիկյան մեկ այլ նավի՝ «Դոնալդ Կուկ»-ին: Նրանց ուղեկցում է «Լարամի» (ամերիկյան ռազմանավ, որը այդպես է կոչվել ԱՄՆ-ում գտնվող լեռնաշղթայի պատվին) նավը: Այս բոլոր նավերը միացել են Սև ծովում ՆԱՏՕ-ի մյուս նավերին` պարեկություն իրականացնելու և զորավարժություններ անցկացնելու համար:

Այսպիսով, 2017 թվականից ի վեր Սև ծովում ամերիկյան ռազմածովային զորախումբը հասել է իր ամենամեծ չափերին: Նման էսկադրիլիայի տեղակայումը Ռուսաստանին դրդել է Ղրիմում տեղակայել Բաստիոն հակահրթիռային պաշտպանության համակարգը, այսինքն հենց այն թերակղզում, որը Ռուսաստանը «բռնակցել է» Ուկրաինայից 2014 թվականին: Ռուսաստանի ռազմածովային ուժերը նույնպես իրենց նավերից մեկը` «Ծովակալ Մակարովը» ուղարկել են Սև ծով` զորավարժությունների: Զորավարժությունները ներառում են օդային թիրախների հայտնաբերում և չեզոքացում, ինչպես նաև զորավարժությունների շրջանակներում ռադիոէլեկտրոնային պայքար` թշնամու էլեկտրոնային հաղորդակցության ոչնչացմամբ:

Իր հայտարարության մեջ ԱՄՆ վեցերորդ նավատորմը նշում է. «Այս բոլոր գործողությունների վերջնական նպատակը մեր (ՆԱՏՕ-ի սևծովյան նավերի հետ) ՀՕՊ համակարգերի բարելավումն է` ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերն ավելի լավ պաշտպանելու համար:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը բացատրել է, որ դաշինքն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը Սև ծովում «ի պատասխան Ռուսաստանի կողմից Ղրիմի ուկրաինական թերակղզու անօրինական բռնակցման, ինչպես նաև Ռուսաստանի կողմից այնտեղ իր ռազմական ուժերի շարունակական աճեցման»:

Սև ծով ելք ունեցող 6 երկրներից 3-ը՝ Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան, ՆԱՏՕ-ի անդամ են, իսկ Ուկրաինան և Վրաստանը համագործակցում են դաշինքի հետ՝ պարբերաբար միանալով տարածաշրջանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

Ռուսաստանը, Սև ծով ելք ունեցող վեցերորդ երկիրն է, որը սկսել է ընդլայնել իր ներկայությունը 2008 թվականին, երբ Ռուսաստանը «բռնակցել է» Վրաստանի 2 շրջան, այդ թվում ՝ Աբխազիան, Վրաստանի ծովափնյա շրջանը: Մոսկվայի կողմից Ղրիմի գրավումը նրան թույլ է տվել ավելացնել Սևաստոպոլի նավահանգստում տեղակայված սևծովյան նավատորմի հզորությունը: Մոսկվան նաև օգտագործել է սևծովյան նավատորմը՝ Սիրիայում իր գործողությունների համար:

Ռուսաստանը ռազմականացրել է Ղրիմի թերակղզին՝ 2014 թվականից ի վեր տեղակայելով ավելի քան 30 000 զինվոր, ինչը 3 անգամ ավելի է, քան նախնական զորակազմը: Մոսկվան նաև  կամուրջ է կառուցել Կերչի նեղուցով՝ Ղրիմը միացնելով Ռուսաստանի հիմնական տարածքին: Այս քայլը թույլ է տվել Մոսկվային վերահսկել օտարերկրյա նավերի մուտքը Ազովի ծով, չնայած 2003 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կնքված համաձայնագիրը երաշխավորում էր 2 երկրների նավերի անարգել մուտքն այս նեղուց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել