Արցախի Պաշտպանության բանակում եւ դրան հավասարեցված ուժային այլ կառույցներում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակի տեղեկատվության վարչության պետ Տիգրան Աթանեսյանը։

Մեր ճշտող հարցին՝ կառուցվածքային փոփոխությունը ենթադրում է կազմալուծո՞ւմ՝ ինչպիսի տեղեկություն տարածվել է մամուլում, Աթանեսյանը պատասխանեց, որ կազմալուծման որեւէ գործողություն չի նախատեսվում:

ԱԽ տեղեկատվության վարչության պետից հետաքրքրվեցինք՝ կառուցվածքի փոփոխությունը ենթադրում է նաեւ կարգավիճակի՞ փոփոխություն, այսինքն՝ այլեւս չի՞ լինելու ՊԲ, Աթանեսյանն արձագանքեց, որ այս պահին մանրամասաներ չի կարող հայտնել կառույցի վերանվանման վերաբերյալ, քանզի դեռեւս հստակեցում չկա։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչ իրավական ակտի հիման վրա են նախատեսվում այդպիսի փոփոխություններ, մեր զրուցակիցը նշեց, որ Անվտանգության խորհրդում այժմ իրականացվում են գործնական ու կազմակերպական աշխատանքներ, եւ ոչ թե փաստաթղթային․ այլ մանրամասներ նա չհայտնեց։ 

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տարածվում է տեղեկություն, ըստ որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը, եւ Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի։ Պնդման վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից․ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Հարցման պատասխանն ստանալուն պես կհրապարակենք ՊՆ-ի մեկնաբանությունը։

Հայարփի Բաղդասարյան