ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանին հրատապ օգնության ծրագիր է սկսել`օգնելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Ծրագիրը իրականացվելու է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջամտություններին, դրանցում կարևոր բացերը լրացնելուն: Աջակցությունը տրամադրվելու է գյուղատնտեսական նշանակության ներդրանքների միջոցով, ինչպիսիք են՝ անասնակերը, սարքավորումները և տեղահանված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր կացարաններ կառուցելու նյութերը: «Ծրագիրը կարևոր է, քանզի ընձեռում է արագ արձագանքման հնարավորություն, սակայն առաջիկա գյուղատնտեսական սեզոնի համար ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ», — նշեց ՊԳԿ Հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն: Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտությունից հետո տեղահանված ընտանիքների կողմից Հայաստան են տեղափոխվել, ըստ տարբեր հաշվարկների, մոտ 12 000-ից մինչև 55 000 կով և 60 000-ից մինչև 90 000 մանր եղջերավոր կենդանիներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: