Արցախի պետական համալսարանում  կփոխհատուցվեն գրեթե բոլոր  ուսանողների վարձավճարները |armenpress.am|
14:58 - 26 հունվարի, 2021

Արցախի պետական համալսարանում կփոխհատուցվեն գրեթե բոլոր ուսանողների վարձավճարները |armenpress.am|

armenpress.am: Պետության կողմից  Արցախի պետական համալսարանի ուսանողների վարձավճարների  փոխհատուցման նպատակով՝  2021 թվականի պետական բյուջեով նախատեսվում է շուրջ 500 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 238 միլիոն դրամի փոխարեն: Այս մասին տեղեկացրեց Արցախի  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:

«Արցախի նախագահի նախընտրական ծրագրի համաձայն՝ պետության կողմից ուսանողական վարձավճարների փոխհատուցումը գործում է դեռևս անցած ուսումնական տարվանից: Այս տարվա պետբյուջեում ուսանողների վարձավճարների փոխհատուցման գումարները կրկնակի  ավելացվել են հաշվի առնելով, որ պետք է փոխհատուցվեն նախորդ ուսումնականի և այս տարվա ուսանողների վարձավճարները, այլ նաև՝  Արցախյան վերջին պատերազմում զոհվածների ընտանիքի անդամների, վիրավորների ու տեղահանվածների վարձավճարների փոխհատուցման անհրաժեշտությունը:

Արցախի պետական համալսարանի առկա և հեռակա ուսուցման համակարգում ներկայումս սովորում են ընդհանուր առմամբ՝ մոտ 2000 ուսանող: Պետբյուջեով նախատեսվող ֆինանսական  միջոցներով հնարավորություն կընձեռվի գրեթե ամբողջությամբ ապահովել բոլոր ուսանողների վարձավճարների փոխհատուցումը:

Բացի այդ, կան բարեգործական կազմակերպություններ, որոնք,  նույնպես, 1 կամ երկու կիսամյակ կվճարեն որոշ կարգախմբերի  ուսանողների վարձերը: Գործում են նաև ուսանողական վարձավճարների փոխհատուցման՝ նախկինում հաստատված  պետական ծրագրերը: Այսպիսով, գրեթե ոչ մի ուսանող առանց վարձավճարի փոխհատուցման չի մնալու»,- նշեց Արցախի ԿԳՄՍ փոխնախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել