Արցախի նախագահը Ներքին գործերի նախարարության անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին
12:01 - 26 հունվարի, 2021

Արցախի նախագահը Ներքին գործերի նախարարության անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին այցելել է նորաստեղծ ԱՀ ներքին գործերի նախարարություն և անձնակազմին ներկայացրել նախարար Կարեն Գրիգորի Սարգսյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարության կազմում ընդգրկված արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ոստիկանության աշխատակիցներին պատերազմական ծանր ժամանակաշրջանում ունեցած գերազանց ծառայության համար՝ ընդգծելով, որ խաղաղ պայմաններում ևս այդ մարմինները կարևոր գործառույթներ ունեն կատարելու:

Հանրապետության նախագահի խոսքով՝ գերատեսչության աշխատակիցների ինչպես ծառայողական, այնպես էլ սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովվեն նրանց պարտականությունների պատշաճ կատարման համար:

Հանդիպման ընթացքում Նախագահն անդրադարձել է նաև հետպատերազմական իրավիճակին ու վերականգնողական աշխատանքներին՝ շեշտադրելով, որ Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ, այնպիսի երկրի, որտեղ բոլոր արցախցիներն ապագա կտեսնեն ապրելու և արարելու:

Անդրադառնալով Հանրապետության կարգավիճակին` Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ թեև դժվար պայմաններում, սակայն շարունակելու ենք պայքարը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել