Արարատի մարզի որոշ երթուղիներ շահագործվում են փոխադրավարձի գերազանցմամբ. տեսչական մարմին
21:56 - 08 հունվարի, 2021

Արարատի մարզի որոշ երթուղիներ շահագործվում են փոխադրավարձի գերազանցմամբ. տեսչական մարմին

Արարատի մարզի ներմարզային և միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների սպասարկմանը հանձնված որոշ երթուղիներ շահագործվում են տրանսպորտային օրենսդրության պահանջների խախտումներով, մասնավորապես, սպասարկումն իրականացվում է մրցույթային հանձնաժողովի սահմանված փոխադրավարձի գերազանցմամբ, որը հակասոււմ է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։

«Մամուլում երեկ և այսօր հրապարակումներ և ակտիվ քննարկումներ ծավալվեցին՝ կապված միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից փոխադրավարձի անհարկի բարձրացման խնդրի շուրջ։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանության տեսչական մարմինը իրազեկում է, որ միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման կազմակերպման գործընթացի նկատմամբ իրականացրել է լայնածավալ մշտադիտարկումներ, որի արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի ներմարզային և միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների սպասարկմանը հանձնված որոշ երթուղիներ շահագործվում են տրանսպորտային օրենսդրության պահանջների խախտումներով, մասնավորապես՝ սպասարկումն իրականացվում է մրցույթային հանձնաժողովի սահմանված փոխադրավարձի գերազանցմամբ, որը հակասոււմ է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներին, այն է․

«Երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթում հաղթող կազմակերպության կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով, բացառությամբ օպերատորի կողմից սպասարկվող երթուղիների, որտեղ երթուղիների սպասարկումն իրականացվում է ավագանու սահմանած փոխադրավարձով»:

Միաժամանակ հայտնում ենք, որ երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել բացառապես մի շարք օբյեկտիվ պատճառներ ի հայտ գալու դեպքում (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն) մրցութային հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ ավագանու սահմանած փոխադրավարձի դեպքում՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և ավագանու որոշմամբ:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջները, ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից որոշ սպասարկող ընկերություններին տրվել է նախազգուշական ծանուցումներ, որպեսզի զերծ մնան նման բնույթի խախտումներ թույլ տալու գայթակղությունից, դրանց առկայության դեպքում անհապաղ վերացնել վերը նշված խախտումները և ընկերության սպասարկմանը հանձնված կանոնավոր երթուղիները շահագործել բացառապես տրանսպորտային օրենսդրության պահանջներին համապատասխան։ Հակառակ դեպքում Տեսչական մարմինն օրենքով սահմանված կարգով կձեռնարկի համապատասխան միջոցառումներ՝ ընդհուպ երթուղու սպասարկման իրավունքից զրկման գործողություններ, համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետի ա ենթակետի»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել