Բռնություն է գործադրվել ոստիկանի նկատմամբ. կատարվում է նախաքննություն․ ՔԿ
16:00 - 30 դեկտեմբերի, 2020

Բռնություն է գործադրվել ոստիկանի նկատմամբ. կատարվում է նախաքննություն․ ՔԿ

2020թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող «Բելաջիո» ռեստորանի մոտ ծառայություն իրականացնելու ժամանակ օրինական պահանջ է ներկայացրել ճանապարհի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիներին՝ խոչընդոտ չհանդիսանալ երթևեկությանը և բացել փողոցը: Սակայն նշված քաղաքացիներից մեկը ձեռքերով դիտավորյալ հրել է իրեն, այնուհետև ոստիկանության կապիտանին, ով վայր է ընկել և ստացել ձախ սրունքի զույգ ոսկրերի փակ կոտրվածք տեղաշարժով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դեպքի առթիվ դեկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած քաղաքացին ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, իսկ հաջորդ օրը, դատախազի որոշմամբ, ազատվել է արգելանքից:

2020թ. դեկտեմբերի 26-ին նշված քրեական գործն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում և ընդունվել վարույթ:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել