Ոչ թե պետական հեղաշրջման և ներքին բախումների սցենարներ մտմտանք, այլ ժողովրդին տանք այս իրավիճակը հանգուցալուծելու հնարավորություն․ Նիկոլ Փաշինյան
00:07 - 28 դեկտեմբերի, 2020

Ոչ թե պետական հեղաշրջման և ներքին բախումների սցենարներ մտմտանք, այլ ժողովրդին տանք այս իրավիճակը հանգուցալուծելու հնարավորություն․ Նիկոլ Փաշինյան

Հեղափոխական էյֆորիայի պայմաններում մեր քաղաքական թիմը պարտվել է Կապանի, Աբովյանի քաղաքապետարանի և մի շարք այլ ՏԻՄ ընտրություններում։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե եթե իրենք անցկացնեն ընտրությունները, կկեղծեն դրանք։  

«Մեզ ասում են մենք ձեզ հետ խոսելու ոչ մի բան չունենք։ Մենք չենք առաջարկում մեզ հետ խոսել, առաջարկում ենք խոսել ժողովրդի հետ։ Այս ընթացքում ընդդիմությունն ունեցել է բոլոր հնարավորությունները վարչապետի հրաժարականի շուրջ ժողովրդական զանգվածների գեներացիա ապահովելու։ Նրանք ունեն լրատվական, ֆինանսական, կազմակերպչական հսկայական ռեսուրսներ, ինչպիսին չունի կառավարությունը, բայց ակնհայտ է, որ այդ պահանջը հրապարակում առնվազն չի արժանացել և չի արժանանալու ժողովրդական աջակցության։ Մենք մեզ համար ասում ենք, որ մեզ համար էլ է կարևոր, որ գնանք  կանգնենք ժողովրդի առաջ և մեր ասելիքն ասենք։ Ոչ թե պետք է անընդհատ պետական հեղաշրջման և ներքին բախումների սցենարներ մտմտանք, այլ ժողովրդին տանք այս իրավիճակը հանգուցալուծելու հնարավորություն»,- նշեց նա՝ դարձյալ նշելով Կապանի և Աբովյանի ընտրությունները։

Վարչապետի խոսքով՝ այո, կառավարությանը չեն վստահում, բայց ընդդիմությանն ավելի շատ չեն վստահում, դրա համար է ինքն առաջարկում արտահերթ ընտրությունների գնալ, տեսնել՝ ում և ինչքան են վստահում։ Սգո երթի ժամանակ վարչական լծակներ կիրառելու մասին պնդումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը խնդրեց ապացույց ներկայացնել՝ պնդելով, որ նման բան չի կարող լինել։ Նա նշեց, որ ընդդիմությունը չի կարողացել իր թեզն ապացուցել, ինչը հանգեցրել է ծանր ճգնաժամի ՀՀ-ում։

«Տեսեք՝ հրապարակում հավաքված ընդդիմության պահանջներին աջակցող ինչքան հայտարարություններ են եղել, ընդ որում, այդ հայտարարություններն արել են էլիտայի ներկայացուցիչներ։ Այս պրոցեսը բացահայտել է էլիտայի ճգնաժամն իրականում։ Այս պրոցեսը ցույց է տվել, որ մինչև 2018-ը գոյություն ունեցած և դեռ գոյություն ունեցող էլիտան, վերնախավը կապ չունի ժողովրդի հետ։ Իմ կարծիքով՝ դա պսևդո էլիտա է, որն ունի կարգավիճակ, բայց չունի հեղինակություն։ Այդքան մարդիկ, ինստիտուտներ հանդես են գալիս վարչապետի հրաժարականի պահանջով, բայց մարդիկ դուրս չեն գալիս իրենց վերնախավի պահանջները պաշտպանելու։ Դա նշանակում է այդ վերնախավի, պսևդո վերնախավի նկատմամբ անվստահություն։ Ինչ-որ մեկը հայտարարություն է անում, ասում են՝ սրանք կաշառքով գնահատական դնողներն են, սրանք գրագողությամբ թեկնածուական, դոկտորական են պահանջել, իրենք են։ Բանակի նախկին պաշտոնյանե՞րն են արձագանքում՝ հա, սրանք այն մարդիկ են, որ զինվորի հացը գողացել են և իրենց համար դղյակներ և բարեկեցություն են կառուցել։ ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյանե՞րն են հայտարարություն տարածում, սրանք այն մարդիկ են, որ 25 տարի մարդկանց գլխին գործ են սարքել, ես մարդկանց խոսքն եմ փոխանցում»,- նշեց վարչապետը։

Վարչապետն անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությանը՝ ասելով, որ ընդդիմության՝ այդ ձայնագրությունով պայմանավորված քարոզչությունը մի քաղաքացի «ջախջախել է» մի նախադասությամբ, թե «վեց միլիարդ կար, բանակի վրա ծախսեիք» (ձայնագրությունում Սերժ Սարգսյանն ասում է, որ Ադրբեջանին կարող է տալ 6 միլիարդ դոլար Արցախից հրաժարվելու համար - խմբ․)։

«Ես չեմ ասում՝ ես մեղավոր չեմ, ես ասում եմ՝ ես թիվ մեկ մեղավորը չեմ։ Ասում են՝ հեղափոխությունից հետո եկած իշխանությունը Արցախի հարցի բանակցային գործընթացում ունեցել է անհաջողություններ։ Ասում եմ՝ 2018-ից առաջ բանակցություններ արվել են ժամանակ ձգելու համար։ Հիմա հարց․ ժամանակ ինչքան կարելի է ձգել։ Դիվանագիտական հաջողությունն այն է, որ ժամանակ է ձգվե՞լ։ ժամանակ չի ձգվել, ոչ մեկը թող հույս չունենա, թե ինքն էնքան խելոք է եղել, որ ժամանակ է ձգել։ Ադրբեջանը պարզապես պատրաստ չի եղել պատերազմի, և այն ընթացքում, որ այստեղ դղյակներ էին կառուցվում, այնտեղ զենք-զինամթերք էր ձեռք բերվում ոչ թե ութսունականների, այլ ժամանակակից։ Պետք էր փորձել բանակցային գործընթացում շատ թե քիչ տանելի դիրքեր ունենալ, որովհետև գործընթացը մենք ժառագել ենք այն կետում, որ յոթ շրջանները պետք է անվերապահորեն վերադարձվեն, և դա ընդունել է Հայաստանը պաշտոնապես, հրապարակային, և ԼՂ կարգավիճակի հարցը դրվել է մի կետում, երբ ասում են, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ կարող է ունենալ, եթե դրան համաձայնի Ադրբեջանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ իրենք կարող էին պատերազմը կանխել մոտավորապես նույն արդյունքներով՝ ներառյալ Շուշին՝ ընդգծելով, որ Շուշիի վերաբերյալ բանավեճը իր համար հասկանալի չէ։

«Ողջ բանակցային գործընթացում առանցքային դրույթներից մեկը եղել է փախստականների վերադարձը ԼՂ։ Սա նշանակում է, որ ԼՂ համար կանխորոշվել է Նախիջևանի ճակատագիր։ Այսինքն՝ երբ ասվում է՝ համաձայնեք, որ փախստականները վերադառնան Շուշի՝ 95 և ավել տոկոս ադրբեջանական բնակչությամբ։ Խնդիրը հետևյալն է, մենք պիտի՞ փորձեինք դիմադրել և դիմակայել, որ մեր շահերը մի քիչ ավելի լավ պաշտպանվեին, իմ կարծիքով՝ այո, ունեի՞նք հնարավորություն այդ շահերը պաշտպանելու, այո, ունեինք, որովհետև հիմա ընդդիմախոսներն էլ են ասում, որ պատերազմը հաղթելու հնարավորություն կար, հաղթելու մասին չէ խոսքը, առնվազն մեզ համար շատ թե քիչ տանելի պայմաններով պատերազմն ավարտելու մասին։ Իսկ ինչ կապ ունեն դրվագները, որ մտնում են խրամատներ, ասում են՝ Նիկոլը ծախել է հողերը, կամ ինչ կապ ունի այս ամենի հետ, երբ բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյա, ըստ վկայությունների, Հադրութի փողոցից փողոցային լամպերն է հանում, տանում Երևան»,- պատմեց վարչապետը։

Դառնալով ընտրությունների թեմային՝ վարչապետը դարձյալ ասաց, որ իրենք «Իմ քայլը» դաշինքի հետ կարող էին կազմակերպել դրանք, բայց ինքը ցանկանում է քննարկումներ ունենալ, որովհետև եթե, օրինակ, ընտրական օրենսգրքի մասին ինքն ունի պատկերացումներ, ուզում է լսել նաև այլ կարծիքներ դրա վերաբերյալ։

«Դատական համակարգը իմ ասած պսևդո էլիտայի մասն է դարձել։ Եկեք, օրինակ, որոշենք, որ դատական համակարգի հարցը լուծում ենք, նոր ենք գնում ընտրությունների։ Սա առաջարկ է, պարտադրանք չէ»,- հավելեց վարչապետը։

Նա ժամկետներ չնշեց ընտրությունների համար, բայց ընդգծեց, որ պետական հեղաշրջման սցենարները պետք է բացառվեն։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել