Վիրավոր տղաները կունենան ձեռքերի գերժամանակակից պրոթեզներ՝ տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 100 հազար ԱՄՆ դոլար կներդնի ձեռքերի գերժամանակակից պրոթեզների նախագծի մեջ, որը, ինչպես արդեն տեղեկացրել եմ, իրականացնելու ենք Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությամբ։

Նշեմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործուն մասնակցություն է ունենալու նաև սպասվելիք դրամահավաքին։

Համահայկական ջանքերի ներդրմամբ և միասնական աշխատանքով հաղթահարելու ենք ամեն դժվարություն։ Շնորհակալ եմ բոլոր աջակիցներից և նրանց, ովքեր դեռ միանալու են այս նախաձեռնությանը»,- գրել է պատգամավորը Ֆեյսբուքի իր էջում։