Պատերազմում պարտվելը չի մերժում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ այս մտքով պետք է նստենք բանակցային սեղանի շուրջ․ Տարոն Սիմոնյան
19:59 - 16 դեկտեմբերի, 2020

Պատերազմում պարտվելը չի մերժում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ այս մտքով պետք է նստենք բանակցային սեղանի շուրջ․ Տարոն Սիմոնյան

Պատերազմից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր քաղաքական տարբեր ուժեր պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ պնդելով՝ պարտված ղեկավարը պետք է հեռանա ողջ թիմով։ 

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այն կարծիքին է, որ հարցի լուծումը արտահերթ ընտրություններն են։ Կուսակցությունը ներկայացրել է ճանապարհային քարտեզ ու առաջարկել վարչապետի թեկնածու՝ կուսակցության ու խորհրդարանական համանանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։ 

Infocom.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նկատեց՝ համաշխարհային ռազմական պատմությունն ունի արժանապատվության կանոն՝ համաձայն որի՝ ռազմական առաջնորդը պարտության դեպքում պետք է հեռանա․ 

«Տվյալ դեպքում՝ գերագույն գլխավոր հրամանատարը, ինչպես իրեն սիրում է կոչել վարչապետը, եւս պետք է հեռանա, քանի որ գրանցել է պարտություն։ Սկսած Ճապոնիայից, վերջացրած հայաստանյան իրականությամբ՝ դա պետք է տեղի ունենա, որովհետեւ պատմությունը դա է պահանջում»։

Սիմոնյանի խոսքով՝ քաղաքական միջավայրում մենք գործնականում խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծել, խնդիրներ՝ նաեւ դիվանագիտական այլ հարթակներում։ Պատգամավորը շեշտեց, որ մնալով վարչապետի պոշտոնին՝ Փաշինյանը վնասում է այս պրոցեսներին, որովհետեւ դիվանագիտական հարթակում նրա ձայնը այլեւս լսելի չէ։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանի ղեկավարն անպատվում է ՀՀ վարչապետին ու նրա միջոցով, նրա ներկայությամբ՝ ամբողջ ազգին։

«Այս միջավայրում գնալ եւ բանակցել, դիվանագիտական հարցեր լուծել միջազգային հարթակներում, բնականաբար, հնարավոր չէ, եւ մենք ամեն օր գրանցելու ենք նոր պարտություն եւ գրանցում ենք, թե՛ տարածքային, թե՛ դիվանագիտական պարտություններ, որովհետեւ այդ մարդն ունակ չէ որեւէ գործ կատարել»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ, միեւնույն ժամանակ, եթե հիմա կազմակերպվեն ընտրություններ, դա չի լինի ռացիոնալ միջավայրում իրականացված գործընթաց, որովհետեւ հանրությունը նյարդայնացած է, հուզական․

«Այն վիճակն է, ինչ 2018 թվականին։ Այն ժամանակ էլ էինք ասում, որ հրատապ ընտրություն պետք չէ կազմակերպել։ Բնականաբար, ընտրության արդյունքները չեն համապատասխանելու հասարակության ռացիոնալ մտքին, կամարտահայտմանը, ավելին՝ այսօր հանրապետությունում կան նաեւ այսպես կոչված ռազմական խմբեր, որոնք ազդելու են ընտրությունների ելքի վրա։ Մեզ ժամանակ է պետք, որ կայունանա մթնոլորտը, բայց այդ ընթացքում չենք կարող սպասել, որ վարչապետը պաշտոնավարի, որովհետեւ սրան զուգահեռ՝ ունենք դիվանագիտական խնդիրներ, որոնք, ինչպես նշեցի, ունակ չէ լուծել»։

ԼՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ պետք է ձեւավորվի անցումային կառավարություն՝ անցումային վարչապետով, որի հիմնական խնդիրը պետք է լինի մի կողմից դիվանագիտական հարթակներում հայկական շահը առաջ տանելը եւ շարունակական պարտություններին վերջ դնելը, մյուս կողմից՝ հանրության մեջ կայուն վիճակ ապահովելը։ 

Անդրադառնալով հարցին՝ արդոք անհրաժե՞շտ չէ մինչեւ արտահերթ ընտրությունները փոփոխություններ անել Ընտրական օրենսգրքում, Սիմոնյանը պատասխանեց․

«Ռեյտինգային համակարգով գործող ԸՕ-ն, բնականաբար, շատ մեծ թերություններ ունեցող օրենսդրություն է, եւ այսօրվա խնդիրները պայմանավորված են նաեւ դրանով, որովհետեւ այսօր 132 պատգամավորից չգիտեմ քանիսն են կարողանում ժողովրդի կամքն արտահայտել, եւ հատկապես իշխանական խմբակցության 88 պատգամավորներից։ Մենք ունենք այնպիսի Ընտրական օրենսգիրք, որ, մեկ անձի ընտրելով, մարդիկ ընտրում են 88 հոգի, որոնց չեն էլ ճանաչում։ Բնականաբար, սա սխալ է, բայց ես վախենամ, որ փոփոխություններ իրականացնելիս ավելի վատ ճանապարհով գնան եւ արդյունքում բացառվի ընդհանրապես մարդ ընտրելը, ընտրեն միայն կուսակցություն եւ միայն կուսակցության առաջնորդ։ Եվ այդ առաջնորդը իր հետեւից բերի մի խումբ մարդկանց, որոնց հասարակությունը չի էլ ճանաչում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք առաջարկել էին բաց ցուցակներով ընտրություն կազմակերպել, երբ կուսակցությունն է մասնակցում ընտրությանը՝ բաց ցուցակներով, եւ քաղաքացին հնարավորություն ունի ընտրել կոնկրետ մարդկանց։ 

Ինչ վերաբերում է Արցախի հարցով բանակցություններին՝ Տարոն Սիմոնյանի համոզմամբ՝ հիմա որեւէ այլ ձեւաչափ չկա, բացի Մինսկի խմբի շրջանակը, որը ՄԱԿ անվտանգության խորհրդից մանդատ է ստացել այս խնդրով զբաղվելու համար։ Պատգամավորի խոսքով՝ պետք է հաշվի նստել դրա հետ եւ օգտագործել Մինսկի խմբի տված հնարավորությունները՝ ինչպիսին էլ լինեն։

Սիմոնյանը չհերքեց, որ այս առումով բարդ եւ դժվար է լինելու, որովհետեւ 25 տարվա բանակցային գործընթացում թերություններով արված աշխատանքն էլ է ջուրն ընկել։ Նա չբացառեց, որ բանակցությունները կարող են սկսվել ոչ թե զրոյական, այլ մինուսական կետից, սակայն ամեն դեպքում պետք է հաշվի առնել հայկական շահը, առավելապես՝ Արցախի ինքնորոշման իրավունքի անբեկանելի լինելը․

«Այն, որ պատերազմում պարտվել ենք, չի մերժում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այլ հակառակը՝ հիմա ավելի շատ ապացույցներ կան, որ Արցախի ժողովուրդը չի կարող իրեն ապահով զգալ Ադրբեջանի իշխանության ներքո, հետեւաբար Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում որեւէ պարագայում։ Այս միտքը մեր ուղեղում՝ պետք է նստենք բանակցային սեղանի շուրջ։ Ադրբեջանը տվել է ապացույցների հաստափոր մի դրամապանակ, որով փաստվում է, որ եթե Արցախի ժողովուրդը մնաց Ադրբաջնի կազմում, ապա նրան սպասում է ցեղասպանություն»,- ասաց Սիմոնյանը՝ ընդգծելով, որ պետք է աշխատենք այս ուղղությամբ՝ օգտագործելով Մինսկի խմբի ձեւաչափը, իսկ հետագայում, եթե այլ ձեւաչափեր լինեն, դրանք եւս։ 

Մեր հարցին, թե ի՞նչ պետք է անի ապագա կառավարող ուժը՝ ԼՀԿ ճանապարհային քարտեզում նշված կետերից մեկի՝ հայ-ռուսական հարաբերությունների բարելավման համար, Սիմոնյանը պատասխանեց, որ առաջնային է հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրային բազայի վերանայումը։ Ըստ Սիմոնյանի՝ այն պետք է հարմարեցվի առկա իրավիճակին, որովհետեւ, չնայած այն մի քանի անգամ թարմացվել է, բայց հիմա այլ իրականության մեջ ենք եւ այդ պայմանագրային բազան չի համապատասխանում այսօրվա վիճակին․

«Մեր կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունների բարելավման առաջին քայլը պետք է լինի այդ ռազմաքաղաքական պայմանագրային բազայի մշակումը։ Այն պետք է ֆիքսի այսօրվա առկա իրավիճակը, խորացնի ռազմական հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ հետ, եւ կամ այդկերպ կարողանանք հարմարվել առկա իրավիճակին, կամ իրավիճակից քաղենք առավելագույնը՝ հայկական շահը սպասարկելու համար»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել