Վարչապետը հեռանում է, ԱԺ-ն ընտրում է ժամանակավոր վարչապետ, ձեւավորվում է անցումային կառավարություն․ Մարուքյանը ներկայացրեց ԼՀԿ-ի ճանապարհային քարտեզը
14:54 - 14 նոյեմբերի, 2020

Վարչապետը հեռանում է, ԱԺ-ն ընտրում է ժամանակավոր վարչապետ, ձեւավորվում է անցումային կառավարություն․ Մարուքյանը ներկայացրեց ԼՀԿ-ի ճանապարհային քարտեզը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քիչ առաջ ուղիղ եթերով ներկայացրեց ստեղծված իրավիճակի հանգուցալուծման իրենց ճանապարհային քարտեզը։

Նախքան քայլերին անցնելը՝ Մարուքյանը նշեց, որ քաղաքական ոչ մի ուժ չի ներկայացրել ճանապարհային քարտեզ, թե ինչ է պետք անել, Փաշինյանի հեռանալուց հետո ինչ պետք է լինի։ Նրա խոսքով՝ հիմա սկսվել է մի մեծ քարոզաչություն, որ եթե Փաշինյանը հեռանա, կլինի քաոս։ Մարուքյանի համոզմամբ, սակայն, մենք արդեն ունենք քաոս։ 

Ստեղծված իրավիճակում ԼՀԿ-ի պատկերացրած առաջին քայլը եւս վարչապետի հրաժարականն է։ Մնացյալը՝ ստորեւ․

- պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է, խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ, ձեւավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած մարդկանց անցումային կառավարություն,
- ապահովվում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակ, 
- ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում եւ վարում՝ հայանպաստ լուծումների հասնելու նպատակով,
- Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման եւ կենսագործման, երկարաժամկետ կայունության եւ խաղաղության, հայկական շահն արտահայտող հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով ՄԽ համանախագահների ձեւաչափով բանակցությունների վերականգնում,
- Հայաստան-Արցախ-սփյուռք ներուժի համախմբում,
- ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնության կոչերի բացառում, ատելության խոսքի բացառում, 
- պետական ինստիտուտների վերականգնում, 
- իրավապահ մարմիններ աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգ ու կանոնի ամրապնդում՝ հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով,
- զոհված եւ վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների պատշաճ ապահովում, 
- արցախահայության, այդ թվում՝ փախստականների սոցիալական կարիքների անհապաղ լուծում, կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում,
- կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում,
- միջազգային դոնորների համաժողովի հրավիրում, Հայաստան-Արցախ ավիրված հատվածի վերականգնման համար առնվազն մեկ միլիարդ դոլար միջոցների ներգրավում,
- հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից եւ այլ պետությունների հետ,
- Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում,
- տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում՝ կայուն զարգացման ապահովման նպատակով,
- անցումային վարչապետը իր անցումային կառավարությամբ ապահովում է ազատ, արդար, թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ խորհրդարանական ընտրությունների անցկացում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել