Քննարկումներ են ընթանում, որպեսզի Արմավիրի մարզից դեպի ՌԴ լոլիկի և պղպեղի ներմուծման սահմանափակումները հանվեն․ Ավետիսյան
 |armtimes.com|
22:02 - 14 դեկտեմբերի, 2020

Քննարկումներ են ընթանում, որպեսզի Արմավիրի մարզից դեպի ՌԴ լոլիկի և պղպեղի ներմուծման սահմանափակումները հանվեն․ Ավետիսյան |armtimes.com|

armtimes.com: Այսօրվանից ՀՀ Արմավիրի մարզից դեպի Ռուսաստան լոլիկի եւ պղպեղի արտահանումը ժամանակավորապես կարգելվի։ Տեղեկությունը հայտնել է ռուսական Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց է ուղղել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին։

- Պարո՛ն Ավետիսյան, ինչո՞վ է պայմանավորված Արմավիրի մարզից դեպի ՌԴ լոլիկի արտահանման ժամանակավոր արգելքը։

- Պատճառը մի վնասատու վիրուս է, որը, սակայն, կարանտին վնասատու վիրուսների ցանկի մեջ չի մտել։ Քանի որ այդ վիրուսը ԵԱՏՄ կարանտին վնասատուների ցանկում չի եղել, դրա վրա մենք ուշադրություն չենք դարձրել։ Այն վարակում է լոլիկը եւ պղպեղը, բայց մեծ տնտեսական վնաս չի հասցնում։ Այդ հարցը, երբ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում, բոլորը դեմ են եղել, որ ներառվի կարանտին վնասատուների ցանկում։ Բայց քանի որ Ռուսաստանում այդ վիրուսը չկա, եւ միջազգային կոնվենցիայով հաստատված է, որ յուրաքանչյուր երկիր իր համար է որոշում, թե որն է առաջնահերթություն՝ այսինքն այդ վնասատուով վարակված մթերքը թույլ տալ, թե չէ՝ դրանից ելնելով՝ Ռուսաստանը որոշել է սահմանափակում կիրառել։ Դրա լաբորատոր հետազոտությունը բավականին բարդ եւ թանկ է, մենք մինչեւ հիմա դա չենք արել։ Մեզ համար էլ է այդ վիրուսը նորություն։ Եկող տարվա պլանում կմտցնենք եւ կփորձենք ձեռք բերել այդ հավաքածուները եւ հասկանալ, թե մոնիթորինգի արդյունքում ինչ պատկեր ունենք։

- Պատկերացում ունե՞ք, թե Արմավիրի գյուղատնտեսության վրա ինչպես կանդրադառնա արգելքը։

- Մեծ քանակություն չէ։ Ամեն դեպքում ես խոշոր արտադրողներին եւ արտահանողներին հրավիրել եմ մեզ մոտ՝ հասկանալու համար, թե ինչպես պրոցեսներն արագացնենք, քանի որ գնումների մասին օրենքով եւ ընթացակարգով մենք ժամանակի խնդիր կունենանք։ Հենց նույն օրը, երբ սահմանափակման մասին որոշումը եղավ, ես զրուցեցի Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ։ Նա զանգահարեց ինձ, եւ մենք քննարկեցինք սահմանափակումն արագ հանելու հարցը։ Իրենք մեզ հավաստիացրին, որ կգտնեն մասնագետ, որը կգա մեր լաբորատորիա եւ կօգնի մեզ այդ մեթոդը ներդնելու հարցում։

- Պարո՛ն Ավետիսյան, Ադրբեջանի համար էլ լոլիկի եւ խնձորի ներմուծման ամբողջական արգելք կա, պատճառները նո՞ւյնն են։

- Այնտեղ որքան գիտեմ ավելի լուրջ խնդիրներ կան՝ կարանտին վնասատուներ կան։ Ամեն դեպքում այս պահի դրությամբ Ադրբեջանի ամբողջ տարածքը ենթարկված է սահմանափակումների։ Ադրբեջանի հարցով չեմ կարող ասել, բայց մեր խնդրի հարցով քննարկումներ են ընթանում, որպեսզի արագ այդ սահմանափակումները հանվեն։

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել