ՀՀ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ կապվելով ՌԴ նախագահի հետ՝ քննարկելու եռակողմ հայտարարության կոպիտ խախտման փաստը․ Էդմոն Մարուքյան
00:12 - 13 դեկտեմբերի, 2020

ՀՀ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ կապվելով ՌԴ նախագահի հետ՝ քննարկելու եռակողմ հայտարարության կոպիտ խախտման փաստը․ Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա կատարված հարձակման մասին լուրերին:
 
«Ըստ Արցախից ստացվող տեղեկությունների՝ ադրբեջանական զինուժը Արցախի Հադրութի շրջանի (ԼՂԻՄ) Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա է հարձակվել ու, ըստ որոշ աղբյուրների, գրավել դրանք՝ խախտելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Պուտինի կողմից 2020թ․ նոյեմբերի 09-ին ստորագրված եռակողմ հայտարարության 1-ին կետը, որի համաձայն՝ 2020թ. նոյեմբերի 10-ից հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադար և բոլոր ռազմական գործողությունների ավարտ, իսկ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:
 
Վերոնշյալ տարածքի գյուղերը մնացել էին հայկական վերահսկողության ներքո, ավելին՝ դրանք նախկին ԼՂԻՄ, այլ ոչ թե 7 շրջանների մաս են կազմում։
 
Այս պահին կարող ենք հստակ արձանագրել, որ այսօրվա հարձակմամբ՝ ստորագրված փաստաթղթի 1-ին կետը խախտվում է և, ըստ այդմ, կարող է խախտվել նաև հետագայում, ու կարող են խախտվել նաև այլ կետերը։
 
Հայաստանի Հանրապետության իշխանությունները, եթե այդպիսիք կան, այս առնչությամբ պետք է քայլեր ձեռնարկեն, կապվելով Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, քննարկելու համար եռակողմ հայտարարության կոպիտ խախտման փաստն ու մեր հետագա գործողությունները՝ ամբողջական հրադադարի հայտարարության այս և հետագա հնարավոր այլ խախտումների առկայության պայմաններում»,- գրել նա։

Հիշեցնենք` այսօր Արցախի ՊՆ-ն հայտնել էր, թե դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: 

Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն տեղելացրել էր, որ ասյօր ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: 

ՀՀ վարչապետի խոսնակն էլ արձագանքել էր, որ  ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: Վարչապետի խոսնակը նաև հայտնել էր, որ հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը և այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն։ 

Իսկ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից պահանջել էր հետևել կրակի լիակատար դադարեցման ռեժիմին:

Հայկ Խանումյանը կոչ էր արել, որ արցախցիները ռուսներից պարզեն, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել