Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձեւը իրավական պարտադիր ուժ չունի կառավարության համար |hetq.am|
15:10 - 23 նոյեմբերի, 2020

Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձեւը իրավական պարտադիր ուժ չունի կառավարության համար |hetq.am|

hetq.am: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւի առաջարկը, որը Ֆրանսիայի Հանրապետության Սենատը քվեարկության է դնելու նոյեմբերի 25-ին, իրավական պարտադիր ուժ չունի կառավարության համար։ Այն զուտ բանաձեւ է, ոչ թե օրինագիծ եւ «հրավիրում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատման բանակցությունների գործիք»։ Նման կոչ-հրավերի հիմքում, ըստ բանաձեւի, բազմաթիվ հանգամանքեր են ընկած, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունն ապահովելու անհրաժեշությունը, որոնք չեն երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության կողմից։

Չնայած այն Ֆրանսիայի նախագահի կողմից պարտադիր ստորագրման  ենթակա չէ, սակայն, ըստ մեր աղբյուրի, մեկ քայլ առաջ է Արցախի միջազգային ճանաչման գործում։ Մինչ այս ֆրանսիական տարածքային կառավարման մի շարք մարմիններ, այդ թվում՝ Փարիզի քաղաքապետարանը, ճանաչել են Արցախի անկախությունը։ Եվ եթե կա աշխարհաքաղաքական կշիռ ունեցող մի երկիր, որը հնարավոր է ճանաչի Արցախի անկախությունը, դա Ֆրանսիան է։  

Բանաձեւում հատուկ շեշտվում է Թուրքիայի ունեցած բացասական դերը սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողություններում՝ ինչպես ցուցաբերած ռազմական աջակցության, այնպես էլ սիրիացի ահաբեկիչների ներգրավման միջոցով։ Սենատը կոչ է անում Էմանուել Մակրոնի կառավարությանը՝ պահանջել միջազգային հետաքննություն անցկացնել Լեռնային Ղարաբաղում մասնավորապես քաղաքացիական բնակչության դեմ, ինչպես նաև միջազգային օրենսդրությամբ արգելված զենքերի օգտագործմամբ կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ եւ ձեռնարկել հնարավորը, որպեսզի հակամարտության բանակցային և տևական կարգավորման շուրջ քննարկումները, որոնք կապահովեն 1994 թ. սահմանված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը, կարողանան անհապաղ վերսկսվել Ֆրանսիայի համանախագահած Մինսկի խմբի շրջանակներում։

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնն արդեն իսկ հատարարել է, որ Ֆրանսիան, համատեղ աշխատելով միջազգային կազմակերպությունների հետ, կգործադրի բոլոր ջանքերը՝ պաշտպանելու ԼՂ մշակութային ժառանգությունը:

«Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում»,- իր թվիթերյան հաշվում գրել էր Էմանուել Մակրոնը:

 

Իսկ երեկ՝ նոյեմբերի 22-ին, Երևան ժամանեց Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել