lragir.am: «Մեր քաղաքական ուժն անպայման մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե լինեն։ Թե որտեղ ես կկանգնեմ մեր հայրենիքի փրկության ջատագովների շարքում, դա կորոշեն նախ քաղաքական ուժերը, իսկ առաջնահերթ՝ մեր ժողովուրդը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա ասաց, որ ինքնանպատակ պաշտոն զբաղեցնելու կամ իշխանություն վերցնելու նպատակ չունեն։ «Պետք է մեծ քաջություն ունենալ, որ այս, ցավոք սրտի, քանդված երկիրը, հիվանդ ու պառակտված հասարակությունը, որն այսօր կա, վերցնել այս պատասխանատվությունը և կարողանալ մի բան անել»,- նշեց Վանեցյանը։

Նա նշեց, որ վարչապետի նոր թեկնածուն լինելու է հնարավորինիս բոլորի համար ընդունելի։ Հարցին, թե եկե՞լ է անուններ հայտարարելու փուլը, նա պատասխանեց․ «Այդ փուլն արդեն եկել է, բայց ես կոռեկտ չեմ համարում հայտարարել այդ մասին։ Զարգացումներից կախված շատ հեռու չէ այդ պահը, մոտակա օրերին անպայման այդ հայտարարությունը կլինի։ Ես մի բան կարող եմ ասել, որ հնարավոր վարչապետի թեկնածու կարող են առաջադրվել մի քանի անձ»։

Վանեցյանը հավելեց, որ սկզբնական փուլում պետք է լինի ժամանակավոր կառավարություն, հետո արտահերթ ընտրություններ, և ժողովուրդն է ի վերջո որոշելու, թե ով պետք է լինի իշխանություն։