Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում․ ԱԳՆ խոսնակ
22:46 - 29 հոկտեմբերի, 2020

Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում․ ԱԳՆ խոսնակ

Ժնևի վաղվա հանդիպումը միակ ձևաչափով հանդիպումն է, որի մասին ես այս պահին տեղեկություն ունեմ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Օրվա փոփոխությունը պայմանավորված էր իրավիճակային և լոգիստիկ որոշակի հանգամանքներով: Ինչ վերաբերում է օրակարգին, մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցումն է՝ համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին: Եվ մեզ համար առաջինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է և դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմամբ: Հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև»,- ընդգծեց Նաղդալյանը։

Ավելի վաղ Նաղդալյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Նա նաև ասաց, որ այս պահի դրությամբ Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, այն արտահայտվել է հստակ և արտահայտվել է ոչ թե մեկ-երկու երկրների նկատմամբ, այլ սկզբունքային դիրքորոշում է, որ չպետք է զինվի մի պետություն, որը չի խորշում այդ զենքն օգտագործել քաղաքացիական բնակչության դեմ»,-  նշեց ԱԳՆ խոսնակը։

Պատասխանելով հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ Իսրայելը Հայաստանին հումանիտար օգնություն է առաջարկել, ԱԳՆ խոսնակը ընդգծեց, որ կարևոր են համարում, որ Իսրայելը դադարեցնի զենքի վաճառքը Ադրբեջանին։

«Նախևառաջ պետք է դադարեցնել Ադրբեջանին զինումը և նրա ռազմական կարողությունների ամրապնդումը: Մենք ունենք մի իրողություն, երբ ցեղասպանություն վերապրած պետությունը աջակցում է ցեղասպան նկրտումներ դրսևորող և ահաբեկչություն ֆինանսավորող այլ պետություններին»,- նշեց խոսնակը։

Նա նաև ասաց, որ ինչպես Ադրբեջանի նախագահի նախկին հայտարարությունները, այնպես էլ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը, Ադրբեջանն Արցախը ցանկանում է առանց իր բնիկ ժողովրդի:

«Արցախի հայ բնակչության գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի իրավասության ներքո»,- հավելեց Նաղդալյանը։

Անդրադառնալով Իրանի դերին՝ Նաղդալյանն ասաց, որ Իրանը Հայաստանի հարևան երկիրն է, և Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և ահաբեկիչների տարածաշրջան ներմուծմամբ Արցախի դեմ իրականացվող ագրեսիան, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների թուրքական ազդեցության գոտի և ահաբեկչության կենտրոն դառնալու որոշումը սպառնալիք է ողջ տարածաշրջանի երկրների համար, և այդ առումով Իրանը նույնպես բացառություն չէ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել