Օրեր առաջ, երբ ԱԳ նախարարն իրականացնում էր իր պաշտոնական այցն ԱՄՆ, ձեռք էր բերվել համապատասխան պայմանավորվածություն՝ կրակի դադարեցման վերաբերյալ, սա հրադադարի ռեժիմի հաստատման վերաբերյալ արդեն երրորդ պայմանավորվածությունն է: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ինչպես նախորդ երկու դեպքերում, Ադրբեջանն այս անգամ նույնպես ի զորու չգտնվեց կամ չկարողացավ կատարել հրադադարի ռեժիմի իր ստանձնած պարտավորությունը և շարունակեց ագրեսիան»,- նշեց Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ այսօր արդեն մեկ ամսից ավել է, ինչ Ադրբեջանը շարունակում է իր լայնամասշտաբ ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ, որի ժամանակ առանձնահատուկ թիրախավորվում են Արցախի բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես՝ կենսական ենթակառուցվածքները:

Աննա Նաղդալյանը նաև հայտնեց, որ հոկտեմբերի 30-ին Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:

«Իսկ այս պահին, քանի դեռ անցնում է մեր ճեպազրույցը, տեղի է ունենում ԱԳ նախարարի հանդիպումը Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիի հետ»,- ընդգծեց նա։