ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի ժողովուրդ՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սփյուռքի հպարտ հայություն.

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության տոնի առիթով։

29 տարի առաջ այս օրը տեղի ունեցած հանրաքվեով մեր ժողովուրդը միահամուռ ամրագրեց Հայաստանի անկախությունը։ 1991 թվականի սեպտեմբեր 21-ի հանրաքվեն մեր ժողովրդի պատմության ամենակարևոր իրադարձություններից է, որի սկիզբը դրվել էր դեռ 1988 թվականին՝ Արցախյան շարժմամբ։

Հանրաքվեի արդյունքները ողջ աշխարհին ազդարարեցին հայ ժողովրդի ազատատենչ կամքը՝ ունենալու անկախ ու ժողովրդավար պետություն։

Անցած 29 տարիների ընթացքում մենք միասին բախվել ենք բազմաթիվ փորձությունների՝ պատերազմ, սոցիալ-տնտեսական բարդություններ, արտագաղթ, կեղծված ընտրություններ, Հոկտեմբերի 27, քաղաքական բռնաճնշումներ, Մարտի 1, ճգնաժամային իրավիճակներ ու հուսալքություն։

Բոլոր այս դժվարությունները, սակայն, չէին կարող կոտրել հայ ժողովրդին։ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը պետական լավատեսության, քաղաքացիական վճռականության պերճախոս արտահայտություն դարձավ, որով ապացուցվեց որ ինքնիշխան, ազատ, հզոր ու երջանիկ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքը ուժեղ է, քան երբեւէ: Ինքնիշխան ու ազատ պետությունը, այդ պետության հավիտենականությունը հայ ժողովրդի ազգային օրակարգի առանցքում է ահա եւ մեր բոլոր ուժերը պիտի կենտրոնացնենք այս օրակարգի ամենօրյա սպասարկման վրա:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր կհրապարակեմ Հայաստանի՝ մինչեւ 2050թ. վերափոխման ռազմավարությունը, որը ոչ թե կարծրացած մի փաստաթուղթ է, այլ 2050 թվականի Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումները, նպատակները, այդ նպատակներին հասնելու ուղիները քննարկելու, ճշգրտելու, իրագործման վերաբերյալ որոշումներ կայացնելու եւ իրագործման ընթացքը վերահսկելու մեխանիզմ:

Հավատում եմ, որ սրանով մեր պետական կյանքի նոր փուլ ենք թեւակոխում, երբ պետությունը կառավարում ենք ռազմավարական տրամաբանությամբ, երբ այսօր կայացրած ամեն որոշում ունի ոչ միայն ընթացիկ, այլեւ 10, 20, 30 տարվա ռազմավարական թիրախներ եւ նպատակներ:

Սա մի մեխանիզմ է, որ ապագայի մասին քննարկումները, ապագայի պլանավորումն ու կառուցումը պիտի դարձնի մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մաս:

1991 թվականին մենք չգիտեինք, թե ինչպիսին է լինելու 2020 թվականի Հայաստանը, ու բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ժամանակ չտրամադրեցինք այսօրվա մասին մեր պատկերացումները ձեւակերպելու եւ դրանց իրագործումը ամենօրյա անելիք դարձնելու վրա:

Բայց ժամանակը մեզ անխուսափելիորեն կանգնեցնում է նման խնդրի առաջ: Մենք չենք կարող սպասել 2050 կամ 2100 թվականի գալուն, տեսնելու համար, թե ինչպիսին է դարձել Հայաստանը: Մենք պիտի պլանավորենք այդ Հայաստանը, գծագրենք ու կառուցենք այն այսօրվանից: Ըստ այդմ՝ օրվա բազմաթիվ ու բազմապիսի հարցերի երբեմն հուսահատեցնող ու շփոթեցնեղ հեղեղից պետք է առաջնահերթություն տանք նրանց, որոնք մեզ կապում են 2050, 2100 թվականի Հայաստանի հետ:

Անկախության 100-ամյակը նշող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի տեսնի, որ մենք մտածել ենք ոչ միայն մեր, այլեւ իր մասին, պիտի զգա մեր գորովանքն ու պատասխանատվությունը Հայաստանի ապագայի, այսինքն՝ իր ներկայի նկատմամբ, այդ օրվա մասին մեր այսօրվա երազանքները պիտի տեսնի իրագործված:

Համոզված եմ՝ մենք ունենք բավարար կամք, հմտություն, միասնություն ու իմաստնություն մեր ամենօրյա օրակարգը այսպիսի աշխատանքով լցնելու եւ Հայաստանի ու հայ ժողովրդի հավիտենության համար անսասան ինստիտուցիոնալ պայմաններ ապահովելու համար:

Սա մեր սերնդի առանցքային առաքելությունն է, եւ այդ առաքելությունը իրագործելու՛ ենք միասին:

Եվ ուրեմն,
Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք ու ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում»: