Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
18:43 - 09 մայիսի, 2024

Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ելույթով մեկնարկեց Հանրապետության հրապարակի հանրահավաքը։

Բագրատ արքեպիսկոպոսը ելույթը սկսեց իրենց կարգախոսի վանկարկումներով՝ «Հայ, հայրենիք, Հայաստան ու Աստված»։

Հանրահավաքի մասնակիցները նրա հորդորով սկսեցին երգել Հայաստանի Հանրապետության օրհներգը, ապա արտասանեցին Տերունական աղոթքը։

«Այս պայծառ օրը, երբ մեր զգացումները խառն են, մայիսի 9-ը՝ մեր երբեմնի Եռատոնը, մեզանից գողացված ուրախության մեջ, այս անպատվության ժամանակներում, մենք միասին հավաքվել ենք՝ վերստին հաստատելու և ասելու, որ ոչինչ եւ ոչ ոք՝ ո՛չ երկնքում, եւ ո՛չ երկի վրա, ո՛չ իշխանություններ, և ո՛չ պետություններ, ո՛չ որևէ տեսակի ուժ, չի կարող հայոց փառավոր հոգին ընկճել։

Մենք այս գյուղերում հռչակեցինք, որ հոգին հաղթել է դուխին, և հիմա ժամանակն է, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին»,- շեշտեց Սրբազանը։

«Մենք Տավուշից ենք գալիս՝ Հայաստանի դարպասներից, պատվով ժողովրդից՝ դեպի պատվով քույրեր ու եղբայրներ», - ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով մարդկանց, որոնք միացել են, մասնակցել, այցելել Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, ինչպես նաև լրագրողներին ու ոստիկաններին։

Բագրատ Սրբազանն իր ելույթում նշեց՝ առաջին հաղթանակն են գրանցել․

«Առանց որևէ խոչընդոտի ուզում էին սահմանազատման, այսպես ասած, վերջին քարերը դնել, լուրը ստացանք երեկ, որ վերջին այդ քարերը սահմանագծման, այսպես կոչված, չեն դրել։

Կասեցվել կամ դադարեցվել է այդ գործընթացը՝ ի շնորհիվ այս ժողովրդի պայքարի և այդպես լինելու է բոլոր հանգրվաններում։ Մենք եկել էինք մի պահանջով՝ պատասխան պահանջելու ՀՀ կառավարության ղեկավարից, որ շարունակաբար այցելել է մեր համայնքներ, դժբախտաբար, ստել, խաբել, մոլորեցրել և հետո այդ բոլորի վրա ահաբեկել ու սպառնացել ժողովրդին։ Մենք եկել էին պատասխանը պահանջելու այդ սպառնալիքների, մեր էն փոքրիկ Գոհարիկի արցունքների, հերոսական Մհերի արցունքների, պահանջելու այդ պատասխանը և ժամանակ տալու՝ դադարեցնելու այս մկիակողմանի, ապօրինի, հակասահմանադրական, հակամարդկային, հակաբարոյական գործընթացը։

Մենք դեմ չենք եղել ո'չ խաղաղությանը, ո'չ սահմանազատմանը, ոչ էլ սահմանագծմանը, բայց այն ինչ տեղի է ունենում այս միջոցով, միակողմանի, ծնկած զիջելով, անընդունելի էր մեզ համար։

Աշխարհում չկա նախադեպը ուժի սպառնալիքի ներքո զիջել ու երաշխիք չտալ, որ պատերազմ չլինի։ Մենք չենք պատերազմի.
հրձիգը, պատերազմ հրահրողն էլ եք դուք, պատերազմը կառավարելու անկարողն էլ եք դուք, պայմանավորվողն էլ եք դուք։ Մենք հստակ, արժանապատիվ խաղաղություն ենք ուզում, պատվով խաղաղություն»։

Սրբազանը ներկայացրեց նաև իրենց պահանջը․ 

«Այս կառավարությունը, իրենց ղեկավարի գլխավորությամբ, ծայրից- ծայր ձախողել են երկրի կառավարումը, քանդել են ամբողջ անվտանգային համակարգը՝ ֆիզիկական իմաստով, առաջին օրվանից թիրախավորել են եկեղեցին, հարված են հասցրել մեր ինքնության կարևոր հիմնասյուներին։ Եվ հաջորդը՝ ցեղասպանության գաղափարի ժխտումը։ 

Քայքայել են կրթական համակարգը։ Այսօր մեր դպրոցներում՝ պատանինների շարքերում առատացրել են թմրանյութերի առկայությունը՝ սերունդին զրկելով մտածելու կարողությունից, սպառնալիք դառնալով գալիք սերունդի համար։ 

Ձախողել են բոլոր ուղղություններով, արտաքին հարաբերությունների մեջ՝ չկա մի սեղան, որտեղ Հայաստանը ասելիք ունենա։ Եվ ամենակարևորը՝ Արցախ աշխարհը, չկա։ Հայրենքիը կորցնում, հետո ասում են իրական Հայաստանը պետք է տեսնել։ Իրական Հայաստան էր Արցախը, ավելի իրական, քան կարող էիք պատկերացնել։ 

Նայեք ՀՀ սահմանները, քանի հարյուր քառակուսի կիլոմետր  է նվաճված թշնամու կողմից, որը չի էլ պատրաստվում դրանք վերադարձնել։ 

Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու: Ես պատրաստ եմ, այս մեկ ժամվա ընթացքում հանդիպելու և քննարկելու հեռանալու բոլոր պայմանները։ Դուք այլևս Հայաստանում որևէ իշխանություն չունեք և ձեր հրաժարականով կվերադարձնեք հայոց եռատոնը, որը գողացել եք այս ժողովրդից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել