ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել հագուստի և կոշիկի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների բողոքի ակցիայի վերաբերյալ
14:20 - 09 սեպտեմբերի, 2020

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել հագուստի և կոշիկի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների բողոքի ակցիայի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ,  դեռևս նախօրեին՝ մաքսային պահեստում շրջայցի ժամանակ, հանդիպել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը և Արարատյան մաքսատուն-վարչության  պետ Կարեն Բաբայանը:

Հանդիպմանը քննարկվել են տնտեսվարողների բարձրացրած հարցերը, մասնավորապես, գործընթացում ծագող անհարմարությունների և գնային քաղաքականության հետ կապված մտահոգությունները: 

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին առաջարկել է գույքագրել բոլոր խնդիրները, ինչպես նաև ներկայացնել գնային քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ՝ հետագայում համատեղ քննարկելու և աշխատելու նպատակով։ 

Մոտ 30 րոպե տևած հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսվարողները կհավաքագրեն բոլոր խնդիրները և հաջորդ օրը՝ Արարատյան մաքսատան ղեկավարության և տնտեսվարողների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը կքննարկվեն այդ խնդիրները: Սակայն քաղաքացիները քիչ անց տեղեկացրել են, որ հրաժարվում են աշխատանքային հանդիպումից և փոխարենը՝ նախընտրում են բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի մոտ։ 

ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորում է հավաքագրել, ամբողջացնել բոլոր խնդիրները և համատեղ աշխատել հնարավոր լուծումները գտնելու ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել