Գագիկ Խաչատրյանի գործով դատախազի ինքնաբացարկը մերժվեց |pastinfo.am|
16:40 - 26 օգոստոսի, 2020

Գագիկ Խաչատրյանի գործով դատախազի ինքնաբացարկը մերժվեց |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, մերժեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատախազ Գեւորգ Սարգսյանին բացարկ հայտնելու պաշտպանների միջնորդությունը։

Դատական նիստը շարունակվում է, այս պահին քննարկվում է Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցը։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

Դատական այսօրվա նիստի ընթացքում կքննվի Խաչատրյանների խափանման միջոցի հարցը դատաքննության ընթացքում. հիշեցնենք՝ նրանք երկուսն էլ արդեն 1 տարի է կալանավորված են: Ընդ որում, 64-ամյա Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար։

Այս կապակցությամբ 2020 hուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։ Խաչատրյանների փաստաբանական խումբը օգոստոսի 5-ին արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը ողջամիտ որևէ քայլ չի ձեռնարկել ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար ակնհայտ վտանգների առկայության պարագայում համարժեք բուժում ապահովելու համար՝ հայտարարելով, որ աննախադեպ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի չկատարումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել