hetq.am: 2016-ի ապրիլին հայկական զինված ուժերը օգտագործել են այնքան զինամթերք, ինչքան անհրաժեշտ են համարել այդ զինամթերքն օգտագործող հրամանատարները: Այս մասին օգոստոսի 19-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում հրավիրված ասուլիսին ասաց պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ ասուլիսը հրավիրված է բացառապես 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով:

«Մենք զինամթերքի պակաս չենք ունեցել: Այո՛, ունեցել ենք շատ ժամանակակից որոշ սպառազինությունների խնդիր, բայց դա խոչընդոտ չի հանդիսացել մեր հաղթական գործողությունների համար»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Վերջինիս խոսքով` դեռևս 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի օրերին Հայաստանը բարեկամ Իրանից ներկրել է հսկայական քանակաությամբ դիզվառելիք, ինչը մինչ իր հրաժարականի օրը որպես պետական ռեզերվներ պահպանվել են, Պաշտպանության նախարարությունն էլ մշտապես կուտակել ու ունեցել է բավարար անձեռնմխելի պաշար: Ըստ գերագույն գլխավոր նախկին հրամանատարի` Հայաստանը դեռ տևական ժամանակ չի ունենալու լավագույն ժամանակակից բոլոր զինատեսակները, սակայն եղածով զինված ուժերը կատարել են իրենց խնդիրը, և այդպես էլ միշտ լինելու է:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ տեսակետներ կան` ապրիլյան քառօրյա պատերազմը հրահրվել է Ռուսաստանի գիտությամբ ու իմացությամբ, Սարգսյանը հակադարձեց` Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և որպես փաստարկ ներկայացրեց այն, որ մինչ 2018-ի ապրիլ ՌԴ-ն Հայաստանին տրամադրել է 50 հազար տոննայից ավելի ռազմատեխնիկական օժանդակություն` առանց որևէ գումարի: Սարգսյանը մանրամասնեց` դրա մեջ չեն մտնում «Իսկանդերը», «Տոչկան Ու»-ն, 200 և 100 միլիոն դոլարի արժողությամբ պայմանագրերով նախատեսված զինատեսակները:

Սարգսյանի խոսքով` նման հայտարարություններ անելը նշանակում է ռազմավարական գործընկերոջը մեղադրել դավաճանության մեջ: Սագսյանը վստահեցրեց, որ տարածաշրջանում «Իսկանդեր» ունի միայն Հայաստանը, ինչը դաշնակցի վերաբերմունքի լավագույն արտահայտությունն է, քանի որ նույնիսկ Բելառուսը, որը ՌԴ-ի հետ շատ ընդհանրություններ ունի, նման զինատեսակ չունի: Պաշտոնաթող նախագահը նաև «Իսկանդերի» առկայությամբ պայմանավորեց այն, որ պատերազմը սահմանափակվեց միայն լայնածավալ գործողություններով և չվերածվեց խոշորամասշտաբ պատերազմի:

«Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ադրբեջանցիները չօգտագործեցին ռազմական ինքնաթիռներ, երբ ինքնաթիռներով փորձում էին մոտենալ սահմանին: Դրանք գտնվում էին Ս-300-ի թիրախում, իսկ դրանք ստացել ենք որպես ռազմատեխնիկական օժանդակություն»,-ասաց երրորդ նախագահը: