Գեոդեզիստի, հողաշինարարի և անշարժ գույքի կադաստրի աշխատակցի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին ընդունել է Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակիցներին՝ կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանի  գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին մասնագիտական օրվա կապակցությամբ և բարեխիղճ աշխատանքի համար արժեքավոր նվերներ հանձնել կառույցի մի խումբ աշխատակիցներին: Հանդիպմանը քննարկվել են նաև համակարգի գործունեությանը, առկա խնդիրներին և անելիքներին վերաբերող հարցեր:

Այդ համատեքստում երկրի ղեկավարը  նշել է, որ անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել բնակչությանը ավելորդ վարչարարությունից զերծ պահելու, մատուցվող ծառայությունների որակը ու մատչելիությունը բարձրացնելու, համակարգում կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ կառույցն ունի անհրաժեշտ ներուժ՝ նախանշված ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու և կառավարության կողմից դրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար: