Նախօրեին՝ հուլիսի 19-ին, Politik.am կայքը հրապարակել է «Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը չի ցանկանում հարձակվել Հայաստանի վրա» վերտառությամբ մի նյութ, որտեղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ ՀՀ վարչապետի հնչեցրած միտքը ներկայացված է մանիպուլյատիվ կերպով։

Politik.am-ը, մասնավորապես, նշելով, որ Մինսկում ՀՀ վարչապետը Միշուստինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարել նաեւ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին եւ ռազմական բախումներին, մեջբերել է Փաշինյանի խոսքը․

«Ես հույս ունեմ` Դուք տեղեկացված եք, որ դեռեւս հայտնի չէ ինչպես եւ ինչու, բայց ադրբեջանական զորքերը որոշել են գնդակոծել Հայաստանի սահմանը: Ես տեղեկություններ կփոխանցեմ Ձեզ այդ իրադարձության եւ ընթացիկ իրավիճակի մասին: Ցանկանում եմ ընդգծել, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին եւ դա դեռ պետք է հասկանալ ո՞վ, ինչո՞ւմ եւ ինչո՞ւ է հետաքրքրված: Կարծում եմ` սա նույնպես շատ կարեւոր թեմա է եւ մենք այսօր կքննարկենք նաեւ այդ հարցը»։

Ընգծելով տողը՝ հեղինակը հանգել է եզրակացության, թե՝ ստացվում է՝ Հայաստանի վարչապետը Մինսկում պնդել է, որ Ալիեւը պատերազմ չի ուզում եւ իր բանակը չէր հարձակվի Հայաստանի սահմանների վրա, եթե չլիններ երրորդ կողմը։ 

Սակայն ոչ միայն վարչապետի խոսքից է ակնհայտ, որ նա նկատի չի ունեցել, թե Ադրբեջանը պատերազմ չի ուզում, կամ որ առանց երրորդ կողմի չէին սկսի ռազմական գործողություններ, այլ նաեւ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ Փաշինյանի մնացյալ ելույթներից։

Մասնավորապես, էսկալացիայի հաջորդ օրը՝ հուլիսի 13-ին, ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ կոշտ գնահատական է հնչեցրել Հայաստանի սահմանին Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ՝ հայտարարելով, որ Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են եւ դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետեւանքների ողջ պատասխանատվությունը: 

Փաշինյանն այստեղ ընգծել է, որ խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը: Վարչապետը նկատել է, որ հնարավոր է` գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ։ Վարչապետը վստահեցրել է, որ որեւէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում:

Այնուհետեւ Փաշինյանը դիմել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ հարցնելով՝ ի՞նչ տեղեկություն կարող է հայտնել, ի՞նչ է տեղի ունեցել երեկ, եւ ինչպիսի՞ն է վիճակն այդ պահին։ Սրան ի պատասխան՝ նախարարն ասել է, որ հուլիսի 12-ին, ժամը 12.30-ին մեր դիրքերից մեկին մոտեցել է ՈՒԱԶ ավտոմեքենա, անհասկանալի պատճառներով զինծառայողները դուրս են եկել մեքենայից եւ շարժվել դեպի մեր դիրքը: Քանի որ շարժումն անսպասելի է եղել մեր զինծառայողների համար, զինծառայողները վերադասին զեկուցելիս ստացել են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու հանգամանքը,՝ կոչ են արել լքել տարածքը: Ինչպես հայտնել է նախարարը՝ թողնելով ավտոմեքենան՝ Ադրբեջանի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքերը, որից հետո սկսվել է 82 մմ-անոց ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաեւ մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրքը, որը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով: 

Փաշինյանն այս պատասխանից հետո նկատել է՝ տպավորություն ստացվեց, որ, հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են եւ հետո, չգիտես ինչու, մեր զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել են, հեռացել, ապա հարցրել է՝ հնարավո՞ր է՝ այդ մեքենայի հետ է կապված՝ ցանկացել են վերադարձնել այն, դրա համար են այդ գործողությունն սկսել:

Տոնոյանն էլ պատասխանել է, որ  եթե այդպիսի ցանկություն լիներ, երեւի ինչ-որ ձեւաչափով կապի դուրս կգային եւ չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որպեսզի ավտոմեքենան վերադարձվի, բայց անմիջապես սկսվել է հրետակոծություն: 

Բայց, ըստ Politik-ի, Փաշինյանը հայտարարել է, թե իր տպավորությամբ Ադրբեջանը մարտական գործողություններ է սկսել, որպեսզի ադրբեջանցի մոլորված զինվորականների թողած «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան հետ տանեն։ Հեղինակը նաեւ հավելել է, թե սա փորձագետների մոտ անհանգստության առիթ դարձավ, քանի որ ստացվում է, որ Հայաստանի վարչապետը արդարացումներ է գտնում Ադրբեջանի համար։

Politik.am-ը նաեւ եկել է եզրակացության, թե Փաշինյանի այս հայտարարությունից հետո աշխարհում թուլանալու է Ադրբեջանին ագրեսոր համարող պետություններ վերաբերմունքը, քանի որ Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե ինչ որ անտեսանելի երրորդ կողմ ստիպում է նրանց ռազմական ագրեսիա իրականացնել։

Բայց այս հայտարարությունից հետո եւ հուլիսի 12-ից ի վեր միջազգային հանրության արձագանքը՝ Ադրբեջանին ագրեսոր համարելու տեսանկյունից, ըստ էության, չի թուլացել, որին անդրադարձել ենք այս հրապարակման մեջ՝ ներկայացնելով, թե տարբեր երկրների պաշտոնյաներ ինձ հայտարարություններով են հանդես եկել՝ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները եւ աջակցություն հայտնելով Հայաստանին։ Այս տեսանկյունից հարկ է նշել նաեւ, որ Ադրբեջանի ՊՆ խոսնակի՝ Մեծամորի ատոմակայանը հրետակոծելու վերաբերյալ հայտարարությունը եւս կոշտ արձագանքի է արժանացել միջազգային գործընկերների կողմից։ 

Բացի այս՝ Միշուստինի հետ հանդիպումից հետո նոր հայտարարություններ էլ են եղել։

Մասնավորապես, Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Մենք հայ հանրության կողքին ենք՝ ընդդեմ բռնության։ Ադրբեջանը պարտավոր է վերջ դնել հայկական ատոմակայանին հարված հասցնելու մասին սադրիչ եւ վտանգավոր սպառնալիքներին եւ ընդունել միջազգային դիտորդներին։ Երկխոսությունը եւ դիվանագիտությունը միակ ուղին են տարածաշրջանում խաղաղություն եւ անվտանգություն ապահովելու համար»։

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն էլ նամակ է հղել երկրի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ․

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումների վերսկսումից հետո ես գրել եմ Հանրապետության նախագահին։ Ես նաեւ դատապարտում եմ Թուրքիայի՝ Ադրբեջանի նախագահին անսասան աջակցությունը, ինչը սպառնում է Կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացին»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բուայեն։ Նա Ֆրանսիային եւ Եվրամիությանը խնդրել է հաստատել հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հրամայականը։ 

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության վերաբերյալ նամակ է հղել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին: Քոքսն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հաստատակամ դիրքորոշում հայտնելու կոչ է արել:

«Ես գրում եմ, որպեսզի իմ խորը մտահոգությունն արտահայտեմ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման լուրջ սպառնալիքի՝ համավարակի ընթացքում հատուկ մտահոգություն առաջացնող հարցի կապակցությամբ։ Վերջին օրերին Ադրբեջանը հրետանային մարտկոցներ է տեղակայել Տավուշի, Հայաստանի հյուսիս-արեւելյան հատվածի քաղաքացիական բնակչության մոտ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքից դեպի հյուսիս։ Հուլիսի 14-ին սպանվել են չորս հայ սերժանտներ եւ սպաներ։ Տասը զինծառայող բուժօգնություն է ստանում, նրանցից մեկը մնում է ծայրահեղ ծանր վիճակում»,- գրել է Քոքսը:

Իսկ Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն, որն օրեր առաջ մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների կապակցությամբ եւ 2 կողմին հորդորել անցնել բանակցային ձեւաչափին, թվիթերի իր միկրոբլոգում Փաշինյան-Միշուստին առանձնազրույցից հետո գրել է, որ հրադադարի որեւէ խախտում այլեւս չպետք է հանդուրժել, եւ անհրաժեշտ է, որ Բաքուն պարտավորվի կառուցողական կերպով ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվող բանակցային գործընթացում: 

Հարկ է նշել նաեւ, որ երրորդ կողմից ագրեսիայի հրահրման կամ Ադրբեջանին աջակցություն հայտնելու մասին պնդումը երբեք չի կարող ընդունվել որպես ագրեսորի արդարացում, այլ նշվում է, որ ագրեսորին հրահրում կամ աջակցում է երրորդ կողմ, ըստ ամենայնի՝ Թուրքիան։
Իսկ Թուրքիայի՝ Ադրբեջանին աջակցող հայտարարությունների մասին ՀՀ արտաքին գերատեսչությունը մեկ անգամ չէ, որ արձագանքել է։ Ընդ որում՝ Արտաքին գործերի նախարարությունը չի կարող գործել կամ հայտարարություններ տարածել առանց քաղաքական ղեկավարության համաձայնության կամ նրանից անջատ։
Մասնավորապես, հուլիսի 13-ին ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությանը, որով վերջինս անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։

ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը եւ Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Մեր արտաքին գերատեսչությունը խստորեն դատապարտել է մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը եւ հաստատել, որ ՀՀ-ն շարունակելու է հետեւողականորեն հանդես գալ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության պահպանման եւ ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ:

ԱԳՆ-ն նաեւ հուլիսի 15-ին է հայտարարություն տարածել Թուրքիայի՝ դարձյալ Ադրբեջանին սատարող հայտարարության վերաբերյալ։ Նախարարության արձագանքը այս շրջանի ամենակոշտ դիտարկումներից էր։

ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ թուրքական կողմի հայտարարություններում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլեւ Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց տարածաշրջանային հավակնություններ, որոնք Թուրքիայի նախագահը եւ նրան ձայնակցող պաշտոնյաները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելության» վկայակոչմամբ:

«Պատմական առաքելության եւ էթնիկ կամ կրոնական ընդհանրությունների վկայակոչմամբ Թուրքիան արդեն իսկ ապակայունացրել է իրավիճակը  հարեւան մի շարք տարածաշրջաններում՝ Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Միջերկրականում եւ Հյուսիսային Աֆրիկայում՝ անասելի տառապանքներ պատճառելով այդ տարածաշրջանների ժողովուրդներին: Պետք է արձանագրել, որ 21-րդ դարում Թուրքիան մեր տարածաշրջանի հանդեպ քաղաքականությունը կառուցում է ցեղային ընդհանրությունների եւ Հայոց ցեղասպանության արդարացման եւ այդ հանցանքի անպատժելիության ավանդույթների վրա:

Թուրքիայի կողմնակալ եւ սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ փաստում է, որ Թուրքիան միջազգային՝ նախեւառաջ ԵԱՀԿ, շրջանակներում չի կարող որեւէ ներգրավում ունենալ հակամարտության առնչվող գործընթացներում։ Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի եւ մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, որի դիմակայումը պահանջում է լայն տարածաշրջանային եւ միջազգային համագործակցություն»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի սադրիչ գործողությունների վերաբերյալ հայտարարություններին, նշենք նաեւ, որ Միշուստինի հետ առանձնազրույցից առաջ վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որտեղ բոլոր ներկաների առաջ իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը, անտեսելով համավարակի պայմաններում զինված բախումների դադարեցման բազմաթիվ կոչերը, սանձազերծել է ռազմական գործողություններ՝ Հայաստանի սահմանի հյուսիսարեւելյան ուղղությամբ, եւ որ Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին․

«Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը եւ ստիպել մեզ չհիմնավորված եւ միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, եւ խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին», - նկատել է Փաշինյանը:

Այսպիսով, Politik.am-ը խեղաթյուրել է վարչապետի ասած խոսքը, այդ խեղաթյուրված միտքը ներկայացրել է որպես իրողություն եւ նշել նաեւ վերնագրում․ Փաշինյանը չի ասել, թե Ադրբեջանը չի ցանկանում հարձակվել Հայաստանի վրա, նրա հրապարակային արձագանքները մշտապես եղել են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտող, իսկ հայտարարությունները միջազգային արձագանքը չեն թուլացրել։

Հայարփի Բաղդասարյան