Ձեռնարկվում են քայլեր Նիժնի Նովգորոդի օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող հայերի ՀՀ վերադարձի համար
09:17 - 10 հուլիսի, 2020

Ձեռնարկվում են քայլեր Նիժնի Նովգորոդի օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող հայերի ՀՀ վերադարձի համար

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկատվություն է տարածել Նիժնի Նովգորոդի օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող քաղաքացիների վերաբերյալ:

Դեսպանության ֆեյսբուքի էջում մասնավորապես գրված է.

«Նիժնի Նովգորոդի, ինչպես նաև ՌԴ այլ քաղաքներում գործող օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրների մասին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը իրազեկված է և ձեռնարկում է համապատասխան քայլեր։ Դեսպանության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ նշյալ կենտրոնում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։

Տեղում աշխատանքները համակարգվում են Նիժնի Նովգորոդում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի կողմից: ՀՀ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ իրականացվում են բոլոր անհրաժեշտ աշխատանքները, քաղաքացիներին ցուցաբերվում է համապատասխան աջակցություն:

Կազմակերպվել են մի շարք աշխատանքային հանդիպումներ կենտրոնի ղեկավարության հետ: ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից ընդգծվել է հայկական կողմի պատրաստակամությունը փաստաթղթերի ձևակերպման գործընթացի ավարտին ապահովել քաղաքացիների վերադարձը Մոսկվայից իրականացվող չարտերային չվերթներով։ Ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Հավելենք նաև, որ Ռուսաստանի Դաշնությունում գործող օրենքների համաձայն, նշված կենտրոններում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կարող են վերադառնալ իրենց ծագման երկիր միայն համապատասխան միգրացիոն մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ։

Այս գործընթացի կազմակերպումը ժամանակավորապես հնարավոր չի եղել իրականացնել` պայմանավորված համավարակի հետևանքով առաջացած սահմանափակումներով, այդ թվում՝ դեպի Հայաստան կանոնավոր չվերթների բացակայությամբ, ՌԴ տարբեր մարզերում սահմանված ինքնամեկուսացման ռեժիմով և այլ մարզերից դեպի Մոսկվա քաղաքացիների տեղափոխման հարցում առկա սահմանափակումներով, ինչպես նաև ՌԴ միգրացիոն մարմինների կողմից նշյալ գործառույթի իրականացման ժամանակավոր դադարեցմամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել